Մատչելի հղումներ

Կապիտոլիումում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը


Միացյալ Նահանգների ազդեցիկ սենատորներ ու կոնգրեսականներ, հասարակական գործիչներ հավաքվել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Հիշատակի երեկոն տեղի ունեցավ ամերիկյան Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, որն այս միջոցառման կեսից Հայաստան մեկնեց՝ ամերիկյան պատվիրակության կազմում մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, հիշեցրեց, որ անցյալում Միացյալ Նահանգների պատմության մեջ պահեր են եղել, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ինչպես Ամերիկայի նախագահը, այնպես էլ՝ Կոնգրեսը: «Այս հարցի ճանաչումն անչափ կարևոր է ոչ միայն մեր երկրի, այլև՝ Թուրքիային միանշանակ ուղերձ հասցնելու համար», - ընդգծեց կոնգրեսականը:

Կոնգրեսական Ռոբերտ Դոլդն ընդգծեց, որ որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն՝ Հայոց ցեղասպանությունն իր բացասական հետքն է թողել ամբողջ մարդկության պատմության վրա:

Սենատոր Ջեք Ռիդը կարևորեց հայ ժողովրդի ներդրումը Միացյալ Նահանգների և համաշխարհային գիտության և մշակույթի մեջ:

«Այդ վայրագություններն ազդել են յուրաքանչյուր հայի վրա՝ անկախ նրանից, թե այսօր աշխարհի որ մասում է նա բնակվում», - Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասաց սենատորը:

Նրա խոսքով՝ հայ - ամերիկյան հարաբերությունները պետք է շարունակաբար զարգանան և ամրապնդվեն. - «Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին, որպեսզի այն ծաղկի և հզորանա»:

Ռիդը հայտնեց նաև, որ իր հրավերով մայիսի 7-ին ամերիկյան Սենատում ելույթ է ունենալու Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Սենատոր Էմի Քլոբուչարն էլ առաջարկեց վերհիշել ցեղասպանության բոլոր զոհերին և աղոթել նրանց համար. - «Հիշենք բոլորին՝ ամուսիններին, որդիներին և եղբայրներին, որոնց ստիպեցին պատերազմի մասնակցել և որոնք երբեք չվերադարձան: Հիշենք մայրերին, քույրերին և դուստրերին, որոնց բռնաբարել և տանջամահ են արել»:

Ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ մի աննախադեպ իրադարձություն էլ է տեղի ունեցել՝ կոնգրեսական Ադամ Շիֆն Ներկայացուցիչների պալատում մեկ ամբողջ ժամ Հայոց ցեղասպանության զոհերի անուններն է ընթերցել:

Այս քայլի անհրաժեշտությունը Ադամ Շիֆը բացատրել էր նաև նրանով, որ Հայոց ցեղասպանությունը դեռևս բոլորի կողմից վերջնական ճանաչման չի արժանացել: «Ցեղասպանության զոհերի ընդամենը մի փոքր մասի անունները կարդալով՝ ես ցանկանում եմ ցույց տալ, որ այդ մեկևկես միլիոնի հետևում մարդկային անկրկնելի կյանքեր էին», - ասել է նա և շեշտել, որ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունների ընթերցման համար ոչ թե ժամեր կամ օրեր, այլ՝ ամիսներ կպահանջվեին:

Նշենք՝ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆը երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ թուրք գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում պետքարտուղար Ջոն Քերրին քննարկել է նաև հայ - թուրքական հարաբերությունների հարցը:

«Պետքարտուղար Քերրին վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունը հայ - թուրքական կարգավորման գործընթացին և կարևորեց Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանն ուղղված իրական քայլերի անհրաժեշտությունը», - ասել է Հարֆը:

XS
SM
MD
LG