Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը նորից հրաժարվեց «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունից


«Մենք հպարտությամբ ենք հիշում Սիրիային և Հայաստանի ամերիկյան նպաստամատույց հանձնաժողովի կողմից ձեռնարկված ջանքերը, որոնք ֆինանսավորվել են ամերիկացիների կողմից, և որոնց շնորհիվ փրկվել են 1915 թվականին տեղահանված համայնքներից բազում հայերի և այլոց կյանքը»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ուղերձում այս տարի ևս չարտասանեց «ցեղասպանություն» եզրը։

Իր ամենամյա ուղերձում նա նշում է, որ այսօր «մենք բոլորս այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և հարգանքի տուրք մատուցում նրանց, ովքեր զոհվել են 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկի հետևանքով»:

«Մենք վերհիշում ենք իննսունինը տարի առաջ տեղի ունեցած զարհուրելի իրադարձությունները, երբ, Օսմանյան կայսրության գոյատևման վերջին տարիներին, 1,5 միլիոն հայեր սպանդի են ենթարկվել և զոհվել աքսորի ճանապարհին, և մենք սգում ենք կորսված կյանքերը և տղամարդկանց, կանանց և երեխաների աննկարագրելի տանջանքները: Միանում ենք Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում զոհերին հարգանքի տուրք մատուցող միլիոնավոր մարդկանց: Հարգանքի տուրք մատուցելով՝ ինքներս մեզ հիշեցնում ենք նաև պատմության նման մութ էջերի կրկնությունը թույլ չտալու մեր պարտավորության մասին», - ասված է ուղերձում:

Իր ուղերձում նախագահ Օբաման այնուհետև նշում է, թե ինքը բազմիցս արտահայտել է 1915 թվականին տեղի ունեցածի նկատմամբ իր վերաբերմունքը:

«Պատմության վերաբերյալ իմ հայացքները չեն փոխվել: Մեր բոլորի շահերից է բխում փաստերի ամբողջական, ազնիվ և արդարացի ընդունումը: Պետություններն ու ազգերը առավել հզոր են դառնում և առավել արդարացի և հանդուրժողական ապագայի համար հիմք են դնում՝ անցյալի ցավոտ տարրերն ընդունելու և դրանց հետ հաշվի նստելու միջոցով: Միացյալ Նահանգներում մենք շարունակում ենք քաղել այս դասերը, քանի որ փորձում ենք հաշվի նստել մեր պատմության ամենամութ որոշ հատվածքների հետ: Մենք ճանաչում և ողջունում ենք այս ճանապարհին ոտք դրած խիզախ հայերին և թուրքերին ու հորդորում ենք առավել մեծ թվով մարդկանց կատարել նման քայլեր՝ իրենց և իմ երկրների կառավարությունների աջակցությամբ», - նշում է նախագահ Օբաման՝ հավելելով. «Մենք հպարտությամբ ենք հիշում Սիրիային և Հայաստանի ամերիկյան նպաստամատույց հանձնաժողովի կողմից ձեռնարկված ջանքերը, որոնք ֆինանսավորվել են ամերիկացիների կողմից, և որոնց շնորհիվ փրկվել են 1915 թվականին տեղահանված համայնքներից բազում հայերի և այլոց կյանքը»:

«1915 թվականին անարդար եղանակով կյանքը կորցրած հայերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս մեզ ոգեշնչում է Հայ ժողովրդի անսասան ոգին և հսկայական դժբախտություններին և տառապանքներին դիմակայելու մեծ կարողությունը: Ես գովասանքի խոսեր եմ ուղղում անթիվ ներդրումներին, որոնք կատարել են ամերիկահայերը Ամերիկայի հասարակությունում, մշակույթում և համայնքներում: Մենք կիսում ենք մեկ ընդհանուր հանձնառություն՝ աջակցելու հայ ժողովրդին ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ պետություն կառուցելու գործում», - ասված է նախագահ Օբամայի ուղերձում:

«Այս օրը միանում ենք ամենուրեք ապրող հայերին՝ հիշելով Մեծ Եղեռնի մռայլությունը, հարգանքի տուրք մատուցելով նահատակների հիշատակին և վերահաստատելով Հայաստանի ժողովրդի նկատմամբ մեր հարատև նվիրվածությունը, ինչպես նաև նվիրվածությունն այն սկզբունքին, որ նման վայրագությունները պետք է միշտ հիշել, եթե ցանկանում ենք, որ դրանք երբեք այլևս չկրկնվեն», - եզրափակում է նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը:
XS
SM
MD
LG