Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում լարված քաղաքական տարի է սպասվում


Նախագահական նախորդ ամենամյա ուղերձի ժամանակ Բարաք Օբաման խոսեց, իր խոսքերով ասած, մեծ առաջընթացի մասին։ Սակայն 2Օ13 թվականն իրականում դարձավ նրա համար քաղաքական առումով դժվար տարի, ինչի գլխավոր պատճառը բժշկական համակարգի բարեփոխման իր ծրագրի անհաջող սկիզբն էր։

Այս տարի նախագահը հույս ունի կենտրոնանալ շատ հարուստների ու միջին դասի եկամուտների միջեւ տարբերությունը փոքրացնելու խնդրի վրա։ ՝՝Այնպես որ, որեւէ մեկը դուրս չմնա տնտեսության վերականգնման բարիքներից՛՛, ասում է նա։
Իսկ ինչպես քաղաքական հարցերով վերլուծաբաններից շատերը, այդ թվում Ռոն Բոնջին է ասում, հանրապետականներն էլ շարունակելու են պախարակել Օբամայի առողջապահական ծրագիրը՝ այսպես ասած ՝՝Օբամաքեըրը՛՛։

Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Ջոն Բեյների խոսքերով, իր կուսակցությունը պիտի ամեն ինչ անի, որ նվազեցվեն սոցիալական նպաստների ծրագրերը։ Նա հիշեցնում է, որ նախագահն ու նրա դեմոկրատ կուսակիցները չեն ցանկանում քննարկել այդ հարցը, քանի դեռ հանրապետականները չեն համաձայնվել բարձրացնել հարուստների հարկերը։ ՝՝Իսկ մենք դա անել չենք պատրաստվում՛՛, ասում է նա։

Պատմությունը ցույց է տվել, որ երկրորդ պաշտոնավարման ընթացքում թուլանում են ԱՄՆ-ի նախագահների քաղաքական հիմքերը։ Վերլուծաբան Ջոն Ֆորթիերի խոսքերով, նախագահներն այս ընթացքում ավելի հաճախ են ընդհարվում Կոնգրեսում մրցակից կուսակցությունը ներկայացնող օրենսդիրների հետ։ ՝՝Այնպես որ, նախագահը չի ունենում իր օրակարգը Կոնգրեսի համաձայնությամբ իրականացնելու այն հնարավորությունը, որն ունեցել էր առաջին 4 տարիներին՛՛։

Իսկ դա խոսում է այն մասին, որ քաղաքական պայքարը մինչեւ Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններն ավելի է սրվելու։ Հանրապետականները, ովքեր այսօր մեծամասնություն են կազմում Կոնգրեսի միայն մեկ պալատում՝ Ներկայացուցիչների տանը, ամեն ինչ պիտի անեն մյուս պալատում՝ Սենատում եւս մեծամասնություն դառնալու համար։
Ամերիկացիները նոյեմբերի ամսին ընտրելու են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին, 1ՕՕ տեղանոց Սենատի մեկ երրորդին, ինչպես նաեւ 5Օ նահանգներից 36-ի նահանգապետերին։
XS
SM
MD
LG