Սիրիայի ապստամբ ուժերին հաջողվել է իրենց վերահսկողությունը հաստատել Դամասկոսի մոտակայքում գտնվող քրիստոնյա բնակչությամբ մի բնակավայրի վրա։ Լեռնային այս գյուղը հայտնի է որպես աշխարհում եզակի այն վայրերից մեկը, որտեղ մարդիկ խոսում են մերձավորարեւելյան հնագույն արամերեն լեզվով։ Գյուղն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
Առայժմ պարզ չէ, թե ինչու Սիրիայի կառավարական ուժերը չեն կարողացել պաշտպանել այն ապստամբների առաջխաղացումից։ Կարծիքներ կան, որ Ասադի ուժերը նոսրացել են, եւ այժմ ցրված են երկրի տարբեր հատվածներում միաժամանակյա պայքար մղելու համար։
Մեծ Բրիտանիայից գործող Սիրիայի դիտակ կազմակերպությունը տեղեկացնում է, որ գյուղն ապստամբ ուժերը գրավել են ծանր մարտերից հետո։ Ըստ որոշ տեղեկությունների այժմ գյուղում են մնացել կառավարական ուժերի որոշ թվով զինվորականներ։
Մաալոուլա քրիստոնեական գյուղի բնակիչներից մեկը տեղեկացրել է, որ ՝՝մորուքավոր ապստամբները գյուղ մտնելով, բացականչել են ՝՝Ալլահու աքբար՛՛ եւ հարձակումներ սկսել տների ու եկեղեցիների դեմ՛՛։ Նրա խոսքերով, գյուղում նրանք սպանել են մեծաթիվ մարդկանց, որից հետո գյուղից սկսվել է զանգվածային գաղթ։ Այժմ, ըստ բնակիչների, գյուղը վերածվել է ուրվական բնակավայրի։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը մի քանի օր առաջ էր ԱՄՆ-ի Կոնգրեսին հղված նամակում անհանգստություն արտահայտել Սիրիայի կառավարական ուժերին թուլացնելու եղանակով քրիստոնյա բնկակչությանը վտանգի տակ դնելու մեծ հնարավորության մասին։