Մատչելի հղումներ

Սպանվել է Հաքքանի զինված խմբավորման ավագ հրամանատարներից մեկը


Աֆղանստանի սահմանի մոտ՝ Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան գավառում տներից մեկի վրա անօդաչու թռչող ամերիկյան օդանավի կողմից իրականացված գրոհի արդյունքում սպանվել է 5 զինյալ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի սեւ ցուցակներում հայտնված Հաքքանի զինված խմբավորման ավագ հրամանատար Սանգիին Զադրանը։ Հաքքանի հայտնի է Աֆղանստանում հարձակումներ կազմակերպելու փորձառությամբ։

Թալիբանը հաղորդել է, թե նա դեռեւս ողջ է, սակայն այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ արդեն կատարվել է նրա հուղարկավորությունը, որի ընթացքում ներկա են եղել մեծաթիվ սգացողներ։

Զադրանը նաեւ եղել է Աֆղանստանի Փաքթիքա գավառի ՝՝ստվերային կառավարիչը՛՛։ Թալիբանն այժմ նրա եղբորն է նշանակել այս պաշտոնին։

Փորձագետների խոսքերով, 45-ամյա Զադրանը ե՛ւ Աֆղանստանում ե՛ւ Պակիստանում համարվել է գլխավոր հրամանատար եւ նրա մահը մեծ կորուստ է Հաքքանի խմբավորման համար։

2Օ11 թվականին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը նրան դասել էր համաշխարհային ահաբեկիչների կազմում՝ հայտարարելով, որ նա է կազմակերպել աֆղանստանցի ու արտասահմանյան մի շարք քաղաքացիների։ Նրա կողմից առեւանգված անձանց ցուցակում է ամերիկացի զինվորական Բոու Բերգդալը, որն արդեն 4 տարի գտնվում է աֆղան ապստամբների ձեռքում որպես պատանդ։

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ամերիկյան օդանավի կողմից իրականացված հարձակումը՝ այն համարելով պետության ինքնիշխանության ոտնահարում։

Վերջին տարիներին ամերիկյան օդանավերը կրճատել են նման գրոհները Պակիստանի տարածքում, սակայն վարչապետ Նավազ Շարիֆը պահանջում է գրոհները դադարեցնել ի սպառ։

XS
SM
MD
LG