Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը երեքշաբթի օրը հանդես է գալու հատուկ ուղերձով


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մեծ քսանյակի գագաթաժողովից ուրբաթ օրը տուն է վերադարձել առանց Սիրիայի դեմ ռազմական գործողությունների դիմելու հարցում մեծաթիվ աջակիցներ ձեռք բերելու։ Նրան նաեւ չի հաջողվել պատժիչ գործողություններ սկսելու հարցում ստանալ աշխարհի ղեկավարների համաձայնությունը։ Փոխարենը միայն 1Օ երկրներից ստացել է քիմիական զենքերն արգելելու հարցում իրեն ՝՝աջակցելու՛՛ խոստումներ։ Կանադայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Իսպանիայի ու Թուրքիայի կողմից ստորագրված նամակում ասված է, թե իրենք աջակցում են ԱՄՆ-ի նախաձեռնությունը, սակայն նամակում ոչինչ չի ասվում ԱՄՆ-ի հետ դաշինք կազմելու ցանկության մասին։

Հիշեցնենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որն ասել էր, թե ինքնիշխան պետության դեմ ուժ կարելի է կիրառել միայն ինքնապաշտպանության նպատակով, իսկ Սիրիան հարձակում չի գործել ընդդեմ ԱՄՆ-ի։ ՝՝Ուժ կարելի է գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ, իսկ վերջինս նման քայլի չի դիմել։ Այս հանգամանքները հաշվի չառնողներն իրենց դուրս են համարում օրենքից՛՛, ասել էր Պուտինը։

ԱՄՆ-ում անցկացվող հարցումները նույնպես ցույց չեն տալիս, որ ամերիկացիները կողմ են Սիրիայի դեմ ռազմական գործողություններին։ Իսկ այն, որ Կոնգրեսը կարող է հավանություն չտալ ռազմական գործողությունների դիմելու Օբամայի ծրագրին, վերջինիս դնում են դժվարին կացության առջեւ, որը երեքշաբթի օրը հանդես է գալու Ամերիկայի ժողովրդին ուղղված հատուկ ուղերձով։

XS
SM
MD
LG