ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնում է, որ Սիրիայից հազարավոր փախստականներ են կուտակվել Իրաքի Քրդստանի հետ սահմանի մոտ։
Սահմանը կիրակի օրը հատել են 1Օ հազար փախստականներ, երբ նախորդ հինգշաբթի օրն այստեղ էր մուտք գործել ավելի քան 7 հազար փախստական։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն ասել է, թե 2Օ11 թվականի մարտ ամսին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ սկսված ապստամբության ամբողջ այս ընթացքում սա փախստականության ամենամեծ հոսքն է։
Չնայած պատճառները դեռեւս հայտնի չեն, սակայն վերջին օրերի ընթացքում նկատվել է Սիրիայի քրդերի ու հակակառավարական իսլամիստ զինյալների միջեւ բախումների թվի աճ։
ՄԱԿ-ի գործակալությունները, Քրդստանի շրջանային կառավարությունն ու ոչ կառավարական կազմակերպություններն այժմ փորձում են լուծել այստեղ խորացող խնդիրները։
Սիրիացի փախստականների այս հոսքը համընկնում է ՄԱԿ-ի քիմիական զենքերի հարցերով տեսուչի կողմից Դամասկոս կատարած այցելությանը։ ՄԱԿ-ի մասնագետների խումբը երկու շաբաթվա ընթացքում այցելելու է երեք տեղանքներ, որտեղ ըստ կասկածների, կիրառվել են քիմիական զենքեր։