Մատչելի հղումներ

Իրանի նոր նախագահը նորից հանդես է գալիս փոփոխությունների խոստումով


Իրանի նոր նախագահն ասել է, թե ժողովուրդն ընտրել է իրեն՝ երկրի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ իրականացնելու ակնկալիքով եւ հեռու տանելու համար Իրանն իր նախորդի՝ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման ոճից։

Հասան Ռոուհանին ասել է, թե իր կառավարությունը փոփոխելու է մարտավարությունը, այլ ոչ սկզբունքները, որպեսզի Իրանը վերահաստատի իր կապերն աշխարհի հետ, այլ ոչ թե շարունակ հակադրվի աշխարհի գերհզորների հետ։

Նման խոսքերով Ռոուհանին հանդես է եկել Իրանի նոր արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի պաշտոնամուտի արարողության ժամանակ։ Վերջինս բարձրագույն կրթությունը ստացել է ԱՄՆ-ում՝ միջազգային իրավունքի ու քաղաքականության դոկտորի աստիճան ստանալով Դենվերի համալսարանում։

Ռոուհանին իր ելույթի ժամանակ նաեւ խոստացել է բարելավել միջազգային պատժամիջոցներից մեծապես տուժող տնտեսական իրավիճակը՝ աշխարհի հետ հարաբերությունները բարելավելու եղանակով։

Հիշեցնենք, որ Ռոուհանին Իրանի նախագահի պարտականությունները պաշտոնապես ստանձնեց օգոստոսի 4-ին։ Երկրի խորհրդարանը մինչ այժմ հաստատել է նրա կողմից առաջադրված բոլոր նախարարներին, բացի երեքից։

XS
SM
MD
LG