Մատչելի հղումներ

Հարյուրավոր կալանավորներ փախուստի են դիմել լիբիական բանտից


Լիբիայի Բենղազի քաղաքի բանտից 12ՕՕ կալանավոր դիմել է փախուստի։ Ըստ բանտի պաշտոնատար անձանց, խույս տված կալանավորների մեծ մասի դեմ հարուցված են եղել ծանր հանցագործությունների մասին մեղադրանքներ։ Որոշ հաղորդագրությունների համաձայն, ալ Քուաֆիյայի բանտում մինչ այդ ապստամբություն է սկսվել։

Մեկ օր ավելի վաղ այս երկրում սպանել էին քաղաքական հայտնի մի գործչի, որից հետո այս քաղաքում սկսվել էին համատարած ցույցեր։ Սակայն դեռեւս հստակ չէ, թե արդյոք բանտից զանգվածային փախուստն ու քաղաքական գործչի սպանությունը որեւէ առնչություն ունեն միմյանց հետ, թե՝ ոչ։

Բենղազին շարունակում է մնալ Լիբիայի ամենաանկայուն քաղաքը, որտեղ Ղադաֆիին տապալած հեղափոխությունից հետո ամերիկյան հյուպատոսության վրա իրականացված հարձակմանը զոհ էին գնացել այստեղ ԱՄՆ-ի դեսպանն ու երեք այլ դիվանագետներ։

Շաբաթ օրն այստեղ քաղաքական գործիչ Աբդելսալամ ալ Միսմարիի սպանությունից հետո ցուցարարները հարձակում էին գործել Մահմեդական եղբայրություն շարժման գրասենյակների վրա։

Բանտից փախուստի դիմած կալանավորներից մի քանիսին հաջողվել է որսալ։ Մամուլի ասուլիսի ժամանակ Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանն ասել է, թե Բենղազիի հարավային շրջանի բնակիչները գրոհել էին բանտը՝ ի բողոք իրենց շրջանում այս բանտի առկայության։

XS
SM
MD
LG