Մատչելի հղումներ

Եգիպտոսի բանակը տապալել է նախագահ Մորսիի իշխանությունը


Նախագահական պալատը շրջապատվել է հրասայլերով, իսկ Մորսիի գտնվելու վայրն անհայտ է

Եգիպտոսի զինված ուժերն անցել են իշխանության գլուխ՝ հեռացնելով նախագահ Մոհամեդ Մորսիին և դադարեցնելով երկրի սահմանադրության գործողությունը:

Եգիպտոսի նախագահական պալատը շրջապատվել է հրասայլերով, իսկ Մորսիի գտնվելու վայրն անհայտ է:

Զինված ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Սիսին, հանդես գալով հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ նման գործողությունների զինված ուժերը դիմել են՝ Եգիպտոսում ծավալված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով:

Ալ-Սիսիի համաձայն, բանակը ստիպված էր եղել դիմել այս քայլին այն բանից հետո, երբ Մորսին մերժել էր զինված ուժերի կողմից ներկայացված վերջնագիծը, որտեղ պահանջվում էր համաձայնության գալ Եգիպտոսի ընդդիմության հետ:

Զինված ուժերի հրամանատարն ընթերցել է իր հայտարարությունը Եգիպտոսի մեծ իմամ Ալ-Աժարի, Եգիպտոսի ղպիտական եկեղեցու առաջնորդի և ընդդիմության գործիչ Մոհամեդ Էլբարադեի ներկայությամբ:

Մորսին, որի տեղաշարժն, ըստ հաղորդագրությունների, արգելված է, եղել էր Եգիպտոսի քաղաքացիական և իսլամիստ առաջին նախագահը 1952 թվականի հուլիսի 23-ին «Ազատ սպաների» կողմից թագավոր Ֆարուքի տապալման ժամանակից:

Մոհամեդ Մորսին անցյալ տարի փորձել էր նվազեցնել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարման ժամանակից զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցնող առաջնորդների, ներառյալ Ռազմական գերագույն խորհրդի և բանակի գլխավոր շտաբի պետի, ազդեցությունը:

Երեքշաբթի ուշ երեկոյան իր խոսքում Մորսին պաշտպանել էր իր կողմից նախագահական պաշտոնն օրինական եղանակով զբաղեցնելու հանգամանքը և խոստացել էր մնալ այդ պաշտոնում նույնիսկ կյանքի գնով: Նա պահանջել էր նաև, որպեսզի զինված ուժերը հետ վերցնեն երկրում ծավալված քաղաքական ճգնաժամին միջամտելու իրենց սպառնալիքը:
XS
SM
MD
LG