Թուրքիայի ոստիկանությունը կիրակի օրը նորից արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել՝ Անկարայում ու Ստամբուլում արդեն 1Օ օր անընդմեջ անցկացվող հակակառավարական ցույցերը ցրելու նպատակով։ Շաբաթ օրը երեկոյան ցուցարարներն Անկարայում դանդաղ մոտեցել են ԱՄՆ-ի դեսպանատանը, եւ ոստիկանության հետ սկսված բախումների ժամանակ՝ այրել բարիկադներ։
Ստամբուլում հազարավոր ցուցարարներ շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել կենտրոնական Թաքշիմի հրապարակը, վանկարկելով վարչապետ Էրդողանի հրաժարականը պահանջող կոչեր։
Բողոքի այս ալիքի ու սկսված բախումների ընթացքում առնվազն երեք մարդ է զոհվել։
Վարչապետ Էրդողանը շարունակ կոչ է անում դադարեցնել ցույցերը, իսկ նրա կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը՝ մերժում վաղաժամ ընտրություններ անցկացնելու ցուցարարների կոչը։
Էրդողանը ցուցարարներին կիրակի օրը նորից ՝՝թալանողներ՛՛ է անվանել եւ հորդորել իր աջակիցներին եկող տարվա տեղական ընտրությունների ժամանակ ՝՝լավ դաս տալ ցուցարարներին՛՛։
Նման հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել Ադանայում, որտեղ հունիսի 8-ին բախվել էին հակակառավարական ու կառավարությանն աջակից ցուցարարները։
Տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ցույցեր են ընթանում Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում ու այլ քաղաքներում։