Մատչելի հղումներ

Զինված հարձակում Կալիֆորնիայում


ԱՄՆ-ի Սանտա Մոնիկա քաղաքում կիսաինքնաձիգ հրացանով զինված մի մարդ կրակել-սպանել է 4 հոգու ու վիրավորել մի քանի այլոց, որից հետո՝ սպանվել ոստիկանների արձակված կրակից։ Հարձակումը սկսվել է ու շարունակվել մի քանի փողոցներում, որոնք հայտնի են որպես ծովափնյա շրջաններ։

Զինված անձնավորությունը, կրելով հրազենային կրակից պաշտպանող ժիլետ, նախ կրակ է բացել մի տան վրա, ինչի արդյունքում տունը սկսել է այրվել։

Ոստիկանության պաշտոնատար անձինք տեղեկացրել են, որ տան ներսում հայտնաբերել են հարձակումն իրականացրած անձնավորության հոր ու եղբոր մարմինները։ Ըստ ոստիկանության, հարձակումն իրականացվել է ընտանեկան վիճաբանության արդյունքում։

Այնուհետեւ նա կրակ է արձակել ավտոմեքենաներից մեկում գտնվող մի կնոջ ուղղությամբ եւ ուղղություն վերցրել դեպի Սանտա Մոնիկայի Քոլեջ՝ ճանապարհին խառը կրակ արձակելով անցորդների ու երթեւեկող ավտոմեքենաների ուղղությամբ։ Արդյունքում զոհվել է եւս երկու մարդ՝ մեկը ճանապարհին, մյուսը՝ քոլեջի գրադարանում, որտեղ ուսանողները հանձնում էին ավարտական քննություններ։

Դեպքից 5 կիլոմետր հեռավորության վրա նախագահ Բարաք Օբաման այդ պահին մասնակցում էր բարեգործական մի միջոցառման, սակայն ինչպես գաղտնի ոստիկանությունն է տեղեկացնում, հարձակումը որեւէ կերպ չի ազդել միջոցառման վրա։

Քոլեջի գրադարանում հարձակվողին սպանելուց հետո, ոստիկանությունը քիչ անց դուրս են բերել ամբողջությամբ սեւ հագած ու շղթայված մի մարդու։ Սակայն ավելի ուշ նրան ազատ են թողել, երբ պարզել են, որ հարձակվողը գործել է միայնակ։

Չորս զոհերից երեքը մահացել են անմիջապես, մեկն՝ ավելի ուշ՝ հիվանդանոցում։

XS
SM
MD
LG