Մատչելի հղումներ

Մաոիստական հարձակում Հնդկաստանում


Հնդկաստանի արեւելյան հատվածում մաոիստական ապստամբ ուժերի կողմից իրականացված մի հարձակման արդյունքում 27 մարդ է սպանվել։ Սպանվածների շարքում են երկրի կառավարող ՝՝Համագումար՛՛ կուսակցության տեղական մարմնի մի քանի պաշտոնյաներ։ Ըստ տեղից ստացված հաղորդագրությունների, ապստամբների մեծ թվով զինյալներ կուսակցության պաշտոնյաների ավտոմեքենաների շարասյան վրա հարձակումն իրականացրել են Չհաթիսգարհ մարզի խիտ անտառներով շրջապատաված մի ճանապարհի վրա։ Հարձակման արդյունքում մի քանի տասնյակ մարդ ստացել են հրազենային վնասվածքներ։


Զոհերի շարքում է կուսակցության պաշտոնյաներից Մահենդրա Քարման, որն այստեղ հիմնադրել էր տեղական ուժեր՝ մաոիստ ապստամբների դեմ պայքարելու նպատակով։ Սպանվել են նաեւ ՝՝Համագումար՛՛ կուսակցության մարզային մարմնի նախագահն ու նրա որդին։
Հարձակումն իրականացվել է քաղաքական մի հավաքից հետո, երբ կուսակցության պատվիրակները հետ էին վերադառնում մարզային մայրաքաղաք։
Կուսակցության նախագահ Սոնիա Գանդին այս հարձակումն անվանել է ՝՝հարձակում ընդդեմ ժողովրդավարական արժեքների՛՛։ Վարչապետ Մանմոհան Սինգը խոստացել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի հարձակման մեղավորներին պատժելու համար։

Մաոսիտ ապստամբները Հնդկաստանի կառավարության դեմ մարտնչում են արդեն ավելի քան 4 տասնամյակ՝ պահանջելով հող ու աշխատանք վարձկան հողագործների ու աղքատների համար։

XS
SM
MD
LG