Մատչելի հղումներ

Ավելի են սրվում հարաբերությունները Պակիստանի ու Աֆղանստանի միջեւ


Պակիստանը նախազգուշացրել է հարեւան Աֆղանստանին, որ Իսլամաբադն իր վրա չի վերցնի սահմանային հակասությունների հետեւանքների պատասխանատվությունը, եթե հակասությունները շարունակեն խորանալ։
Պակիստանի կառավարությունը կանչել է այստեղ Աֆղանստանի ամենաբարձրաստիճան դիվանագետին ու նախազգուշացրել ՝՝սադրիչ հրաձգությունը՛՛ չդադարեցնելու հետեւանքների մասին։ Դրանից մեկ օր առաջ Աֆղանստանի կառավարությունն էր Իսլամաբադին ներկայացրել նույն բողոքը։

Երկու երկրների անվտանգության ուժերի միջեւ սահմանային բախումներ տեղի ունեցան երկուշաբթի օրը, դառնալով մեկ շաբաթվա ընթացքում նման երկրորդ միջադեպը։ Պակիստանը հայտարարում է, թե բախումների հետեւանքով անվտանգության իր ուժերի հինգ ծառայող ստացել են մարմնական վնասվածքներ։

Քաբուլը հայտարարում է, թե իր ուժերն իր տարածքում հայտնվել են Պակիստանի զինված ուժերի կրակի ներքո։ Սա այն հատվածն է, որտեղ անցյալ շաբաթ սկսված փոխհրաձգության արդյունքում սպանվել էր աֆղանստանցի մի ոստիկան։

Աֆղանստանի ու Պակիստանի միջեւ սահմանները հստակ նշված չեն, ինչի արդյունքում հաճախ են առաջ գալիս հողային պատկանելության խնդիրներ, բացի այդ, նման տարածքները դարձել են Թալիբանի զինյալների հետ բախումների բեմահարթակ։
Ասենք, որ երկու երկրների միջեւ լարված հարաբերությունները սկիզբ են առել Պակիստանի հիմնադրումից ի վեր։ Բացի այդ, Իսլամաբադը մեծ օգնություն էր ցուցաբերել Թալիբանին՝ 199Օ-ականներին Աֆղանստանի իշխանությունը բռնությամբ զավթելու գործում։
XS
SM
MD
LG