Բանգլադեշի մայրաքաղաք Դհաքայում ոստիկանությանը հաջողվել է ցրել արմատական տասնյակ հազարավոր կարծր դիրքայինների կողմից անցկացված բողոքի ցույցը։ Այն սկսվել էր ոստիկանության հետ ավելի վաղ տեղի ունեցած բախումներից հետո, որոնց զոհ էր գնացել առնվազն 2Օ մարդ։
Ցուցարարները, ովքեր պահանջում էին կառավարությունից ընդունել կրոնական որեւէ ուղղություն հայհոյելու դեմ օրենքներ, քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ՝ արժանանալով ոստիկանների ռետինե մահակների հարվածներին։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ կառավարող Ավամի լիգայի գլխավոր գրասենյակների մոտ առնվազն 15 ռումբ է պայթել։
Կիրակի օրը սկսված ցույցի մասնակիցները ցրվել են միայն երկուշաբթի օրը։ Գիշերվա ընթացքում գրանցվել են հրդեհներ, այրվել են խանութներ ու տասնյակ ավտոմեքենաներ։
Ավամի լիգան եւ ընդդիմադիր դաշինքը ծրագրել էին որպես պատասխան այս ամենին, երթ իրականացնել երկուշաբթի օրը, սակայն որոշել են հետաձգել այն, քանի որ ոստիկանությունը մոտակա օրերին արգելել է բոլոր երթերն ու հանրահավաքները։
Արմատական մահմեդական խմբերը Բանգլադեշում ներկայացնում են պահանջների մի ցանկ, որի մեջ է մտնում իրենց խոսքերով ասած ՝՝կրթական անաստված համակարգին վերջ տալու՛՛ մասին կետը։ Նրանք պահանջում են նաեւ ընդունել օրենքներ, որոնք կարգելեն հասարակության մեջ տղամարդկանց ու կանանց միասնական ներկայությունը եւ երկրում որեւէ հուշարձանի կառուցում։ Պահանջներից մեկն էլ կանանց իրավունքները կրճատելու մասին է։