Սիրիայում պատերազմական հանցագործություններն ուսումնասիրող ՄԱԿ-ի հանձնաժողովը հայտարարում է, թե չունի այստեղ ո՛չ կառավարական ո՛չ էլ ապստամբ ուժերի կողմից քիմիական զենք կիրառելու մասին հստակ վկայություններ։ Հանձնաժողովն այսպիսով իրեն հեռու է պահում իր անդամներից մեկի մեղադրանքներից, ում համաձայն, ՝՝կան ուժեղ ու հստակ կասկածներ այն մասին, որ ապստամբ ուժերը կիրառել են սարին գազ։
ՄԱԿ-ի հանձնաժողովը շտապեց հանդես գալ նման հայտարարությամբ այն բանից հետո, երբ հանձնաժողովի անդամներից մեկը` պատերազմի հանցագործությունների հարցերով միջազգային դատարանի նախկին գլխավոր դատախազ Կարլա Դել Պոնտեն շվեյցարական հեռուստատեսային կայաններից մեկին տված հարցազրույցում ասաց, թե Սիրիայի ապստամբ ուժերն իրենց գրոհների ժամանակ որպես զենք են կիրառել սարին անվանումը կրող քիմիական նյութը։
Նա ասել էր, թե իր մեկնաբանությունները հիմնված են տուժածների, տեղում աշխատող բժիշկների ու հարեւան երկրների մասնագետների վկայությունների վրա։ Դել Պոնտեն չէր ասել, թե երբ եւ որտեղ է քիմիական զենքն օգտագործվել։
Ի հակադրություն նրա խոսքերի, Օբամայի վարչակազմը հայտարարում է, թե ԱՄՆ-ի գաղտնի գործակալություններն ունեն վստահելի տվյալներ այն մասին, որ Սիրիայի վարչակարգն է փոքր չափսերով կիրառել քիմիական զենք ընդդեմ ապստամբների։