ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին Թուրքիային ու Իսրայելին հորդորել է արագ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները՝ ասելով, թե մերձավորարեւելյան այլ հարցերի լուծման գործում այս երկու պետություններից յուրաքանչյուրն ունի կարեւոր դեր։ Քերրին Ստամբուլում կիրակի օրը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Դավութօղլուի հետ անցկացրած համատեղ ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, թե կարեւոր է, որ Թուրքիան ու Իսրայելը համաձայնության գան երեք տարի առաջ տեղի ունեցած միջադեպի հետեւանքները վերացնելու հարցում։ Խոսքը իսրայելյան ուժերի կողմից թուրք 9 ակտիվիստների սպանության մասին է, ովքեր առանց Իսրայելի թույլտվության մարդասիրական օգնություն էին փոխադրում Գազայի գոտի։
Խոսելով հարեւան Սիրիայում շարունակվող հակամարտության մասին՝ Քերրին ասել է, թե ԱՄՆ-ը ու Թուրքիան այս երկրում իշխանության խաղաղ անցման կողմնակիցներ են, եւ ավելացրել, թե Թուրքիան ՝՝առատաձեռն՛՛ է եղել սիրիացի փախստականներին օգնություն տրամադրելու հարցում։ ՄԱԿ-ի հաշվարկներով անցած երկու տարիների ընթացքում Սիրիայից Թուրքիա է մուտք գործել սիրիացի ավելի քան 25Օ հազար փախստական։
Մերձավորարեւելյան տարածաշրջանում տասնօրյա այցելության շրջանակներում Ջոն Քերրին հանդիպելու է նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին եւ պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասին։ Ինչպես պետքարտուղարությունն է տեղեկացնում, Քերրին կողմերին կոչ է անելու իրականացնել փոխվստահության հաստատման քայլեր։
Մերձավոր Արեւելքից հետո ԱՄՆ-ի արտգործնախարարն ուղեւորվելու է Մեծ Բրիտանիա՝ հանդիպելու Մեծ ութնյակի ղեկավար անձանց։ Այնուհետեւ՝ ուղղություն է վերցնելու դեպի Հարավային Կորեա, Չինաստան ու Ճապոնիա, որտեղ բանակցությունները կենտրոնանալու են Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի եւ ԱՄՆ-ի ու նրա դաշնակից պետությունների դեմ Հյուսիսից հնչող սպառնալիքների վրա։
Քերրին Վաշինգտոն կվարադառնա ապրիլի 15-ին։