Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան չի երաշխավորելու օտար դիվանագետների անվտանգությունը


Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է, որ եկող չորեքշաբթի օրվանից չի կարող երաշխավորել արտասահմանյան դիվանագետների անվտանգությունը եւ հորդորել է տարբեր երկրների դեսպանություններին որոշում կայացնել այստեղից իրենց անձանակազմի անդամներին դուրս բերելու մասին։

Հյուսիսը հայտարարում է, թե ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների պատճառով եւ իր դեմ ՄԱԿ-ի կողմից շարունակվող պատժամիջոցների արդյունքում հակամարտությունն արդեն անխուսափելի է։ Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը, ըստ չինական լրատվամիջոցների, հայտարարել է, թե հարցն այլեւս այն մասին չէ, կսկվի պատերազմ, թե՝ ոչ, այլ այն մասին, թե երբ է սկսվելու։ Համաձայն միջազգային պայմանագրերի, արտասահմանյան դիվանագետներին Փհենյանը խոստանում է տեղափոխել ապահով վայրեր։

Կան տեղեկություններ նաեւ, որ Հյուսիսի առաջնորդ, 3Օ-ամյա Կիմ Ջոնգ Ունի հրամանով միջին հեռահարության երկու հրթիռ է տեղակայվել երկրի արեւելյան ափերում, ինչը կարող է սպառնալ Հարավային Կորեային եւ Խաղաղ օվկիանոսում՝ ԱՄՆ-ի ռազմական հենակետերին։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից հաղորդում է, թե հակառակ Հյուսիսի այս սպառնալիքներին ու զարգացող իրադարձություններին, իրավիճակն այստեղ կայուն է եւ որեւէ խուճապ չի նկատվում։

XS
SM
MD
LG