Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը ստորագրեց կրճատումներն ուժի մեջ մտցնելու որոշումը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրեց պետական ծախսումներից 85 միլիարդ դոլարի կրճատումներ իրականացնելու մասին փաստաթուղթը, որն ուժի մեջ է մտնում մարտի մեկից, քանի որ Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության չկարողացան գալ բյուջեի պակասուրդը կրճատելու այլընտրանքային ծրագիր մշակելու հարցում։ Մի քանի ամիս կպահանջվի, որ կրճատումների ծանր հետեւանքներն իրենց զգացնել տան ամբողջ երկրի տարածքում։

Օբաման շաբաթ օրը հայտարարեց, թե սա տեղի է ունենում, ՝՝քանի որ Կոնգրեսում հանրապետականները որոշել են, որ հարուստ ամերիկացիների հարկերի կրճատումները շատ ավելի կարեւոր են, քան զինված ուժերին պաշտպանելն ու երկրի միջին դասի ընտանիքների հարկային կրճատումները՛՛։

Օբամայի ամենշաբաթյա ուղերձին հանրապետականների կողմից պատասխանել է Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթի Մաքմորիս Ռոջերսը, որն ասել է, թե կրճատումները կարող էին իրականացվել ավելի ՝՝խելամիտ եղանակով, ու հարկավոր է ներկա կրճատումները փոխարինել ավելի գիտակից կրճատումներով՛՛։
Կրճատումների պատճառով, ԱՄՆ-ի դաշնային մի շարք գործակալություններ արդեն իսկ սառեցրել են աշխատանքի ընդունման գործընթացը եւ կանգնեցրել տարբեր ծրագրերի ու նախագծերի ֆինանսավորումը, որպեսզի մարդիկ ստիպված չմեկնեն հարկադիր արձակուրդի։ Պետական որոշ հաստատություններ որոշել են կրճատել աշխատավարձի չափը։

Կրճատումների այս ալիքի տակ աղքատ բազում ընտանիքներ ու գործազուրկ անձինք կզրկվեն պետական նպաստներից, խանութներում կնկատվի սննդամթերքի պակաս, կդանդաղեն առաքումները։

Ինչպես երկրի պաշտպանության նախարար Չաք Հեյգելն է ասել, զինված ուժերի առաքելությունը կրճատումների պատճառով դրվում է վտանգի տակ։ Նրա խոսքերով, օդային ուժերը ստիպված կլինեն կրճատել թռիչքները եւ նկատելի կրճատումներ կիրականացվեն մարզումների բնագավառում։

Կոնգրեսում դեմոկրատները պահանջում են պետական բյուջեն լրացնելու համար դադարեցնել հարուստ ամերիկացիների հարկային կրճատումները, ինչին կտրուկ դեմ են հանրապետականները։

XS
SM
MD
LG