Մատչելի հղումներ

Իսրայելը զարկ է տալիս վիճահարույց տարածքներում բնակարանաշինությանը


Ցուցարարների բռնի արտաքսումը
Ցուցարարների բռնի արտաքսումը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է Երուսաղեմի մոտ գտնվող պաղեստինաբնակ մի հատվածում շարունակել հրեական թաղամասերի կառուցման աշխատանքները։ Վարչապետն այս հայտարարությամբ հանդես է եկել այստեղից ցուցարար պաղեստինցիներին անվտանգության ուժերի միջոցով դուրս բերելուց հետո։ Պաղեստինցիներն ասում են, որ շինարարության դեմ սկսված ցույցի մասնակիցներից ոմանք ստացել են մարմնական վնասվածքներ, երբ Իսրայելի անվտանգության ուժերը սկսել են նրանց բռնի դուրսբերումը նշված գոտուց։

Նեթանյահուն ասել է, թե շինարարարությունը շարունակվելու է վիճահարույց E-1 գոտի կոչվող հատվածում, որը գտնվում է Իսրայելի կողմից գրավված Արեւելյան Երուսաղեմի եւ Հորդանան գետի արեւմտյան հատվածում գտնվող հրեական Մաալեհ Ադումին քաղաքի միջեւ։ Բենյամին Նեթանյահուն ունի այստեղ հրեաների համար մի քանի հազար բնակարան կառուցելու նպատակ։

Պաղեստինցիներն Արեւելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաք, պետություն, որն ըստ նրանց ծրագրերի, ընդգրկելու է Իսրայելի կողմից բռնակցված ամբողջ Հորդանան գետի արեւմտյան ափը, այդ թվում՝ E-1 գոտին։

Պաղեստինցիներն ասում են, թե E-1 գոտին, որպես արդեն հրեական թաղամաս, անհնար կդարձնի հուսալի սահմաններ ունեցող պետության հիմնումը եւ կփակի արաբական երկրների առջեւ դեպի Արեւելյալ Երուսաղեմ տանող ճանապարհը։

XS
SM
MD
LG