Մատչելի հղումներ

Եգիպտոսում նախնական տվյալներով հաստատվել է նոր սահմանադրությունը


Եգիպտոսի Մահմեդական եղբայրություն կուսակցությունը հայտարարում է, թե հանրաքվեի արդյուքնում հաստատվել է նոր սահմանադրությունը։ Ըստ նույն աղբյուրի, ընտրողների մոտ 64 տոկոսը հանրաքվեի երկու օրերի արդյունքում կողմ է քվեարկել սահմանադրությանը։ Քվեարկության առաջին փուլն անց էր կացվել դեկտեմբերի 15-ին, երկրորդը՝ դեկտեմբերի 22-ին։ Քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող բնակչության 32 տոկոսը։

Եթե նախնական այս արդյունքը հաստատվի պաշտոնապես, երկու ամսվա ընթացքում կհրավիրվեն խորհրդարանական նոր ընտրություններ։
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունները ներակայացրել էր նախագահ Մուհամեդ Մորսին, ինչն աջակցություն էր ստացել Մահմեդական եղբայրություն կուսակցության կողմից։ Փոփոխությունները, սակայն, քննադատության են ենթարկվում երկրի ազատական, աշխարհիկ ու քրիստոնյա ընդդիմության կողմից, ովքեր մտահոգված են, որ այս փոփոխությունները մեծացնում են իսլամի օրենքները ու ոտնահարում քաղաքացիական մի շարք իրավունքներ։
Նախագահ Մորսին շաբաթ օրն ուշ երեկոյան հրապարակել է այն 9Օ անձանց անունները, ում նա նշանակում է որպես խորհրդարանի վերին պալատի անդամներ։ Ցանկի մեջ ընդգրկված են նաեւ ազատական ու ոչ իսլամիստական քաղաքական գործիչներ, ինչը նշանակում է, որ Մորսին ներկայումս ցանկանում է շարունակել երկխոսությունը նրանց հետ։

Մեծաթիվ վերլուծաբաններ ասում են, թե սա ժամանակավոր քայլ է, որով նախագահը պարզապես ուզում է մեղմել սահմանադրական փոփոխությունների դեմ սկսված բողոքի հզոր ալիքը։

XS
SM
MD
LG