Եգիպտոսի սահմանադրական հանրաքվեի արդյունքում քվեարկության մասնակիցները տոկոսային փոքր առավելությամբ հավանություն են տվել նախագահ Մուհամեդ Մորսիի եւ նրա իսլամիստ դաշնակիցների կողմից ներկայացված փոփոխություններին։ Երկրի մյուս հատվածներում քվեարկությունն անց է կացվելու հաջորդ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 22-ին։ Քվեարկությունը երկու շաբաթ օրերի ընթացքում անցկացնելու պատճառն այն է, որ միայն փոքր թվով դատավորներ են համաձայնվել հետեւել քվեարկության ընթացքը։
Նախագահին աջակից Ազատություն եւ արդարություն կուսակցությունը, ինչպես նաեւ ընդդիմության մի խմբավորում, ներկայացնելով դեռեւս ոչ վերջնական հաշվարկի արդյունքները, տեղեկացրել են, որ մասնակիցների մոտ 56 տոկոսը հաստատել է փոփոխությունները, որոնք շատերի կարծիքով ուղղված են ընդդեմ քաղաքացիական ազատությունների։ Փոփոխությունների դեմ հանդես եկող ընդդիմությունը վերջին մի քանի շաբաթների ընթացքում անց էր կացնում բողոքի ցույցեր, որոնք երբեմն զուգորդվում էին բռնություններով ու ոստիկանության հետ բախումներով։
Ընդդիմության դաշինքը՝ Ազգային փրկության ճակատը շաբաթ օրը մեղադրել է նախագահ Մորսիին ու նրա Մահմեդական եղբայրություն կուսակցությանը քվեարկության արդյունքները կեղծելու մեջ։
Դեռեւս պարզ չէ, թե երբ են հրապարակվելու քվեարկության պաշտոնական տվյալները։
Եգիպտոսի ազատական, աշխարհիկ եւ քրիստոնյա ընդդիմության ղեկավարները հայտարարում են, թե սահմանադրական այս փոփոխությունները կրճատելու են արյան գնով ձեռք բերված քաղաքացիական ազատությունները՝ զարկ տալով մահմեդական խստագույն օրենքներին ու սկզբունքներին։