Մատչելի հղումներ

Սիրիայի բանակը խոստանում է ուրբաթ օրը սկսել հրադադար


Սիրիայի բանակը հայտարարեց, որ դադարեցնելու է ռազմական գործողությունները՝ նշելու համար Էիդ ալ Ադհայի մահմեդական տոնը։ Հրադադարն ուժի մեջ է մտնելու ուրբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի առավոտ։ Սակայն բանակը նշում է նաեւ, որ ապստամբ ուժերի հարձակումներին ստիպված կլինի տալ ռազմական պատասխան։ Սիրիայի բանակը նաեւ ռազմական գործողությունների կդիմի այն դեպքում, երբ ՝՝ահաբեկչական խմբերը՛՛ փորձեն ամրապնդել իրենց դիրքերը, զինվեն կամ ստանան համալրում։ Դամասկոսը նաեւ նախազգուշացրել է հարեւան պետություններին հատկապես այդ օրերի ընթացքում թույլ չտալ զինյալ անձանց կողմից սահմանների խախտում։

Ապստամբ ուժերի Ազատ Սիրիայի բանակի հրամանատարներից մեկն ասել է, թե իր մարտիկները կհարգեն հրադադարը, բայց նույնպես նշել, որ որեւէ հարձակման դեպքում հանդես կգան պատասխան կրակով։
Հիշեցնենք, որ կողմերն անցյալում մի քանի անգամ խախտել են կնքված հրադադարները։ Իսկ Սիրիայում մահմեդական խմբակցություններից մեկը՝ Անսար ալ Իսլամ կազմակերպությունը հայտարարել է, թե իր մարտիկները չեն հարգելու հրադադարը։

Ավելի վաղ ստացված հաղորդագրությունների համաձայն, հակակառավարական ուժերը գրավել են Հալեպի մի քանի թաղամաս։
Ապստամբների հրամանատար Բասամ ալ Դադան ասել է, թե իր ուժերն առաջացել են դեպի կենտրոնական երկու շրջաններ, այդ թվում դեպի Սալահեդդին, ինչի համար մարտեր են ընթանում արդեն մի քանի ամիս։ Հալեպի հյուսիսային Աշրաֆիյեհի շրջանից բնակիչները տեղեկացնում են, որ այստեղ մուտք է գործել մոտ 2ՕՕ ապստամբ։

Դամասկոսի մոտակայքում ընդդիմության դիրքերի վրա հինգշաբթի օրը հրետանային կրակ են արձակել կառավարական ուժերը։ Բախումներ են արձանագրվել Դարաայի գավառում։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով պատվիրակները հայտարարել են, թե ցանկանում են հանդիպում ունենալ նախագահ Բաշար ալ Ասադի հետ։
XS
SM
MD
LG