Մատչելի հղումներ

Իվանիշվիլին՝ Վրաստանի նոր վարչապետ


Վրաստանի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում հաստատեց միլիարդատեղ Բիձինա Իվանիշվիլիին, որի Վրացական երազանք շարժումը հոկտեմբերի 1-ին հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում՝ ավարտին հասցնելով նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցության կառավարումը։

Ձայների 88-ը 54-ի հարաբերությամբ օրենսդիրները հաստատեցին Իվանիշվիլլիին եւ նրա ներկայացրած կառավարության կազմը։
Մինչեւ հաստատումը, ելույթ ունենալով խորհրդարանում, Իվանիշվիլին խոստացավ պահպանել Սահակաշվիլիի արեւմտամետ արտաքին քաղաքականությունը եւ շարունակել ՆԱՏՕ-ին ու Եվրոպական Միությանը միանալու ջանքերը։

՝՝Մեր գլխավոր նպատակը պիտի լինի վրացական տարածքների ապազավթումը եւ պիտի ուղիներ որոնենք աբխազների ու օսերի հետ բանակցելու համար՛՛, ասաց նա, հույս հայտնելով, որ միջազգային համայնքի օգնությամբ Վրաստանը կկարողանա սկսել բանակցություններ Ռուսաստանի հետ՝ տնտեսական ու մշակութային կապերը վերականգնելու համար։
Իվանիշվիլին նախորդ օրը հայտարարել էր, որ ինքը 18 ամիս անց հրաժարվելու է քաղաքականությունից, սակայն կատարելու է նախընտրական արշավի ժամանակ տված խոստումները։
XS
SM
MD
LG