Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մտահոգված է ասիա խաղաղօվկիանոսյան վիճաբանություններով


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Փանեթան ասում է, թե ինքը մտահոգված է ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տարածքային վիճաբանությունների պատճառով, ինչը նրա խոսքերով, կարող է հանգեցնել տարածվող հակամարտության։

Այս մասին հայտարարությամբ նա հանդես եկավ լրագրողների առջեւ, մինչեւ Տոկիո ժամանելը։

Ընդերքի պաշարներով հարուստ կղզիների նկատմամբ հավակնություններ ունեցող այս երկրներին Փանեթան հորդորում է խուսափել սադրող քայլերից, հակառակ դեպքում, ասում է նա, լարված իրավիճակը կտանի դեպի հակամարտություն, որն էլ կունենա այլ երկրներ տարածվելու հնարավորություն։

Տարածաշրջանից ստացվող այլ հաղորդագրությունների համաձայն, համատարած բողոքի ցույցեր են սկսվել Չինաստանում, երբ մարդիկ այստեղ իրենց զայրույթն են արտահայտում Արեւելաչինական ծովում գտնվող մի քանի կղզիների նկատմամբ Ճապոնիայի հավակնությունների դեմ։

Ճապոնիայի դեսպանատնից հաղորդում են, որ Չինաստանում այրում են ճապոնական գործարանները, թալանում խանութները, ինչպես նաեւ ներխուժում ճապոնացիներին պատկանող ընկերություններ։

Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդան, դատապարտելով բռնությունները, հորդորել է երկու կողմերին պահպանել սերտ կապեր։

XS
SM
MD
LG