Print
Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակել են մայրաքաղաք Կահիրեում ամերիկյան դեսպանատան շենքի տարածքը, որտեղ հակամահմեդական տրամադրություններով նկարահանված ֆիլմի պատճառով շարունակվում են չորս օր առաջ սկսված բողոքի ցույցներն ընդդեմ ԱՄՆ-ի։ Ոստիկանությունն անցած գիշեր կալանավորել է տասնյակ ցուցարարների, երբ վերջիններս փորձել են հրահրել բռնություններ։
Թունիսից մինչեւ Եգիպտոս, Սուդանից մինչեւ Եմեն բողոքի ցույցերի մասնակիցները պաշարել են ԱՄՆ-ի ու նրա դաշնակից երկրների դեսպանատները։ Այս ընթացքում գրանցվել է մահվան երկու դեպք։ Ամենա բռնի ցուցերն անց են կացվել Սուդանի մայրաքաղաքում, որտեղ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի դեսպանատների վրա իրականացված գրոհների ընթացքում կատաղի ամբոխն ընդհարվել է ոստիկանության հետ։ Ամերիկյան դեսպանատան առջեւ անվտանգության ուժերը սպանել են ցուցարարներից մեկին։
Մեկ այլ ցուցարար է սպանվել Լիբանանում։ Ամբոխը գրոհներ է ձեռնարկել նաեւ Թունիսում՝ այստեղ այրելով ԱՄՆ-ի դեսպանատունը։
Իսկ Վաշինգտոնի մոտակայքում ռազմաօդային հենակետերից մեկում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ արտգործնախարար Հիլարի Քլինթընը հարգանք տուրք մատուցեցին Լիբիայում մի քանի օր առաջ սպանված դեսպան Քրիսթոֆըր Ստիվընսի ու դեսպանատան 3 այլ աշխատակիցների հիշատակին՝ ընդունելով նրանց մարմինները։