ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին շաբաթ օրն առավոտյան հայտարարեց, թե իր հետ մրցապայքարին, որպես փոխնախագահի թեկնածու, մասնակցելու է Վիսկոնսին նահանգից ընտրված կոնգրեսական Փոլ Ռայընը։
Ռոմնիի կողմից ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ փոխնախագահի թեկնածուն իր հետ միասին էր ներկայանալու շաբաթ օրն առավոտյան ժամը 8։45 րոպեին սկսվելիք հանդիպմանը։
Մինչ այդ լրատվական խոշոր մի քանի գործակալություններ էին տեղեկացրել, որ Ռոմնին իր տեղակալի պաշտոնում է ընտրելու Ռայընին, սակայն Ռոմնիի ընտրարշավի անդամները հրաժարվել էին հաստատել այդ լուրը։
Ասենք, որ կոնգրեսական Փոլ Ռայընը ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի անդամ է, պաշտպանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու թիվ 1Օ6 բանաձեւը, սակայն չի ստորագրել այն, 2ՕՕ8 թվականին իր ստորագրությունն է դրել երկրի պետքարտուղարին հղված այն նամակի տակ, որը դատապարտում էր Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի պատերազմական հայտարարությունները, չի մասնակցել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը դադարեցնելու առաջարկի քվերարկությանը, դեմ է քվեարկել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու թիվ 6Օ79 բանաձեւին։