Մատչելի հղումներ

Քլինթընը Թուրքիայում քննարկելու է Սիրիայի խնդիրը


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընը եկող շաբաթ օրը մեկնելու է Թուրքիա՝ հարեւան Սիրիայում իրադրության սրման փաստը քննարկելու նպատակով։

Իսկ տեղից ստացվող հաղորդագրությունների համաձայն, մի քանի խոշոր պայթյուններ ցնցել են երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Մարտական մի օդանավ կրակ է արձակել Հալեպի հյուսիսային հատվածներում՝ փորձելով ապստամբ ուժերին դուրս մղել իրենց թաքստոցներից։

Իսկ Իրանի լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Թեհրանը դիմել է Թուրքիային եւ Քաթարին, օգնելու ապահովել Դամասկոսում շաբաթ օրն առեւանգված իրանցի 48 քաղաքացիների ազատ արձակումը։

Իրանը հայտարարում է, որ առեւանգվածները հավատացյալ ուխտագնացներ են, չնայած Ալ Արաբիա հեռուստաալիքի հաղորդումներին, ըստ որոնց նրանք գուցե եղել են Իրանի հեղափոխական պահակազորի անդամներ։

Իրանը պաշտպանում է Սիրիայի կառավարությանը, իսկ Թուրքիան ու Քաթարը՝ ընդդիմությանը։

XS
SM
MD
LG