Մատչելի հղումներ

«Մորսին ցանկանում է ամրապնդել հարաբերություններն Իրանի հետ»


Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մորսին ցանկանում է ամրապնդել հարաբերություններն Իրանի հետ:

«Ֆարս» լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը մեջ է բերել Մոսիի խոսքը, որի համաձայն «Թեհրանի հետ հարաբերությունների ամրապնդումը տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռություն կստեղծի»:

Եգիպտոսի ու Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980 թվականին:
Իրանական գործակալության համաձայն, այս հայտարարությամբ Եգիպտոսի նորընտիր նախագահը հանես է եկել կիրակի օրը՝ ընտրական հանձնաժողովի կողմից իր հաղթանակի մասին հայտնելուց մի քանի ժամ առաջ:

Մորսին ավելի ուշ հանդես է եկել ելույթով, որի ընթացքում խոստացել է աշխատել երկրի միասնականությունը պահպանելու ուղղությամբ, և կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտականությունները՝ ասելով, որ «Եգիպտոսը խաղաղության է ձգտում»:

Մորսին միասնականության կոչ է հղել նաև Եգիպտոսի բոլոր քաղաքացիներին՝ մահմեդականներին և քրիստոնյաներին, և ասել, որ միասնականությունը միակ ճանապարհն է, որի միջոցով հնարավոր է երկիրը դուրս բերել այն ճգնաժամից, որը ձևավորվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ ուղղված ապստամբության ժամանակից:

Մոհամեդ Մորսին Եգիպտոսում նախագահի պաշտոնում ընտրված քաղաքացիական առաջին գործիչն է: Միացյալ Նահանգներում կրթություն ստացած 60-ամյա ինժեները նախագահական ընտրություններում մասնակցել է որպես «Մահմեդական եղբայրության» անդամ: Նախագահ ընտրվելու մասին լուրերը հաստատելուց հետո նա սակայն դուրս է եկել «Մահմեդական եղբայրության» և վերջինիս «Ազատություն և արդարություն» կուսակցության կազմից, ինչը գնահատվում է որպես միասնական կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին այլ կուսակցություններին ուղղված նշան:
XS
SM
MD
LG