Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը զգուշացրել է ատամի մածուկի տեսքով տեղափոխվող ռումբերի մասին՝ Ռուսաստան ուղևորվող թռիչքների վրա


ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը զգուշացրել է Ռուսաստան թռիչքներ կատարող ավիաուղիներին որպես ատամի մածուկ քողարկված պայթուցիկ նյութ տեղափոխելու հնարավորության մասին

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը զգուշացրել է Ռուսաստան թռիչքներ կատարող ավիաուղիներին որպես ատամի մածուկ քողարկված պայթուցիկ նյութ տեղափոխելու հնարավորության մասին:

Այս մասին հաղորդած Ներքին անվտանգության նախարարության պաշտոնյան սակայն որևէ մանրամասներ չի ներկայացրել նման զգուշացման պատճառը դարձած հետախուզական տվյալների վերաբերյալ:

Ռուսաստանի Սոչի քաղաքում 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը մեկնարկում են այս ուրբաթ օրը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը այցելել է «Օլիմպիական գյուղը»՝ այցի ընթացքում հիշեցնելով, որ ձմեռային այս օլիմպիադայի ընթացքում հիմնական մտահոգություն է մանում անվտանգության ապահովման խնդիրը:

Իսլամիստ ծայրահեղականները բազմիցս սպառնացել են խաթարել Օլիմպիական խաղերի անցկացումը: Անցյալ տարվա վերջին Վոլգոգրադում ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացված և 34 զոհի պատճառը դարձած պայթյունների համար պատասխանատվություն էր ստանձնել Դաղստանում գործող ջիհադիստների խմբավորումներից մեկը:

Ռուսաստանի լրատվամիջոցները չորեքշաբթի օրը հայտնել են, որ երկրի անվտանգության ուժերին հաջողվել է ոչնչացնել Վոլգոգրադում պայթյուն իրականացրած ինքնասպաններին աջակցություն ցուցաբերած անձին:

Ըստ հաղորդագրությունների, Ջամալդին Միրզաևը սպանվել է Դաղստանում՝ ոստիկանության ուժերի հետ տեղի ունեցած հրաձգության ընթացքում:

Ռուսաստանի իշխանությունները ծախսել են մոտ 2 միլիարդ դոլար՝ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման նպատակով: Անվտանգության ուժերի հազարավոր ծառայողներ պարեկային ծառայություն են իրականացնում սևծովյան այս հանգստավայրում՝ ստեղծելով այսպես կոչված «պողպատե շրջանը»:
XS
SM
MD
LG