Մատչելի հղումներ

«Ադրբեջանում վատթարանում է մարդու իրավունքների պաշտպանության մթնոլորտը». Ռուբին


«ԱՄՆ-ը հիասթափված է Ադրբեջանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների այն մեղադրանքներով, որոնց համաձայն Միացյալ Նահանգները միջամտում է այդ երկրի ներքին գործերին այն դեպքերում, երբ մեր կարծիքն ենք կիսում կամ ժողովրդավարության հարցերով զբաղվող պատվիրակություններ ենք ուղարկում Ադրբեջան»

ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովում անցկացվել են լսումներ «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների անվտանգության, տնտեսական և մարդու իրավունքների հարցերը» խորագրով, որոնց ընթացքում հանձնաժողովի առջև Միացյալ Նահանգների արտգործնախարարությունից հանդես են եկել ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը և ԱՄՆ-ի արտգործնախարարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Թոմաս Մելիան:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովում, որը հայտնի է նաև «Հելսինկյան հանձնաժողով» անվամբ, իր ելույթում ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինն նշել է, որ Ադրբեջանում հետզհետե վատթարանում է ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության մթնոլորտը:

«Մենք ցանկանում ենք սերտ համագործակցություն ծավալել Ադրբեջանի հետ ժողովրդավարացման հարցում նույն կերպ, ինչպես մենք իրականացնում ենք սերտ համագործակցություն անվտանգության և տնտեսական հարցերի շուրջ», - ասել է Էրիկ Ռուբինը: - «Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում առաջընթացը կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն մեր երկկողմանի հարաբերությունների ամրապնդման համար, այլև երկարաժամկետում Ադրբեջանի կայունության համար: Մենք լուրջ մտահոգություններ ունենք Ադրբեջանում ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության մթնոլորտի կապակցությամբ, որը հետզհետե վատթարանում է»:

Միացյալ Նահանգները, ըստ ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ռուբինի, «շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության, որի հիմքում ընկած է երկու պետությունների ժողովուրդների բարեկամությունն ու կառավարությունների միջև փոխադարձ հարգանքը»:

«Կառուցողական երկխոսություն սակայն նշանակում է, որ մենք կարող ենք և պետք է ծավալենք անկեղծ և ազնիվ քննարկումներ մեր միջև տարաձայնություն առաջացնող ոլորտներում: Համաձայնության և տարաձայնության հարցերի անկեղծ քննարկումը լուջ երկխոսության բնույթի մասերից է», - նշել է Ռուբինը՝ հավելելով. «Մենք, այսպիսով, հիասթափված ենք Ադրբեջանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների այն մեղադրանքներով, որոնց համաձայն Միացյալ Նահանգները միջամտում է այդ երկրի ներքին գործերին այն դեպքերում, երբ մեր կարծիքն ենք կիսում կամ ժողովրդավարության հարցերով զբաղվող պատվիրակություններ ենք ուղարկում Ադրբեջան»:

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի լսումներին մասնակցած ԱՄՆ-ի արտգործնախարարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Թոմաս Մելիան իր հերթին նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջանում քաղաքական ազատությունների հետ կապված իրավիճակը հետզհետե վատթարացել է, և այս միտումը շարունակվում է:

Մելիայի համաձայն, դեռևս 2009 թվականին ժողովրդավարության ջատագովները, մասնավորապես քաղաքական ընդդիմության կուսակցությունները, արդեն իսկ մեծ դժվարություններ ունեին Ադրբեջանի քաղաքական կյանքում մասնակցություն ցուցաբերելու հարցում, սակայն այդ ժամանակից ի վեր երկրում իրավիճակը զգալիորեն վատթարացել է:

«ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների անվտանգության, տնտեսական և մարդու իրավունքների հարցերը» խորագրով անցկացված լսումների ժամանակ ԱՄՆ-ի արտգործնախարարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Մելիան որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարման օրոք քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող զանգվածային բռնությունների օրինակներ է բերել քաղաքացիական խաղաղ ակտիվիստների դատական հետապնդումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները թիրախավորող և վերջիններիս ծանր կացության մեջ գցող օրենքների ընդունումը:

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովում Ադրբեջանի շուրջ լսումներին մասնակցել և ելույթով են հանդես եկել նաև Ժողովրդավարության ազգային հիմնադրամում Ռուսաստանի և Եվրասիայի գծով տնօրեն Միրիամ Լանսկոյը և Ջորջթաունի համալսարանի Եվրասիայի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի գծով հետազոտությունների գիտաշխատող Բրենդա Շաֆերը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի լսումներին ընդառաջ Ադրբեջանի վերաբերյալ իրենց վկայություններն են ներկայացրել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պետական մարմինների հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովին ներկայացրել է վկայություններ այն մասին, թե «ինչպես են Բաքվի քաղաքականությունն ու գործելակերպը խախտում մարդու իրավունքների միջազգային սկզբունքները, անվանվեր են ճանաչում Ադրբեջանի կողմից պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, ավելացնում տարածաշրջանային անկայունությունը և ստեղծում վտանգավոր մթնոլորտ, որը նպաստում է լայնածավալ բռնությունների վերսկսման»:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովին ներկայացված վկայություններում մասնավորապես հրավիրել է Հանձնաժողովի ուշադրությունը մտահոգություն առաջացնող հիմնական ոլորտներին, որոնցից են «Ադրբեջանի կողմից եկեղեցիների ոչնչացումը և բռնագրավումը, այդ թվում՝ Նախիջևանում հայկական ժառանգության վկայությունների փաստաթղթավորված ոչնչացումը»:

Ամերիկայի հայ դատի գործադիր տնօրենը, բացի այդ, հորդորել է ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովին «մանրամասն ուսումնասիրել Սաֆարովի հետ կապված սկանդալը և դրա ազդեցությունը մարդու իրավունքների ոլորտին վերաբերող միջազգային օրենսդրության, ինչպես նաև ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների կարգավորման վրա»:

«Ադրբեջանը, փորձելով բարելավել իր պատկերը և քաղաքական աջակցության վերածել երկրի նավթային հսկա կարողությունը, Միացյալ Նահանգներում լոբիստական գործունեության վրա հատկացնող միջոցների ծավալով մտել է այդ ուղղությամբ ամենամեծ միջոցները հատկացնող օտարերկրյա պետությունների տասնյակի մեջ», - նշված է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովին Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի կողմից ներկայացրած վկայություններում:
XS
SM
MD
LG