Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Սիրիայում զանգվածային սպանդի դեպքերը պատերազմի հանցագործություններ են»


Հանձնակատար Փիլեյի համաձայն, զանգվածային սպանդ հիմնականում իրականացրել են «Սիրիայի զինված ընդդիմության ծայրահեղական խմբավորումները»

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի համաձայն, Սիրիայում զինված ընդդիմության խմբերը, մասնավորապես՝ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող ծայրահեղականների խմբավորումները, երկրի հյուսիսում իրականացնում են գնալով ավելի մեծ թվով սպանություններ, որոնք պատերազմի հանցագործություններ են համարվում:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը հինգշաբթի օրն ասել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ստացված հաղորդագրությունները փաստացի վկայում են Հալեպ, Իդլիբ և Ռագա քաղաքներում բռնություններին չմասնակցող խաղաղ բնակիչների և նախկին մարտիկների զանգվածային սպանդի բազմաթիվ դեպքերի մասին:

Հանձնակատար Փիլեյի համաձայն, զանգվածային սպանդ հիմնականում իրականացրել են «Սիրիայի զինված ընդդիմության ծայրահեղական խմբավորումները», մասնավորապես՝ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները:

Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի, սպանդի որոշ դեպքեր տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ապստամբների խմբավորումների մարտիկները, լքելով իրենց դիրքերը, սպանել են իրենց բոլոր գերիներին՝ այսպիսով թույլ տալով Ժնևյան կոնվենցիայի խախտումներ:
XS
SM
MD
LG