Մատչելի հղումներ

Ուկրաինայում ռուսաստանամետ զինյալներն ուղղաթիռներ են տապալել


Ուկրաինայի արևելյան Սլավյանսկ քաղաքում ուրբաթ օրը երկրի անվտանգության ուժերը մեկնարկել են ռուսաստանամետ ապստամբների դեմ ուղղված գործողություններ, որոնց արդյունքում քաղաքում ծավալվել են մարտեր

Ուկրաինայի արևելյան Սլավյանսկ քաղաքում ուրբաթ օրը երկրի անվտանգության ուժերը մեկնարկել են ռուսաստանամետ ապստամբների դեմ ուղղված գործողություններ, որոնց արդյունքում քաղաքում ծավալվել են մարտեր:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի համաձայն, Սլավյանսկ քաղաքի ուղղությամբ Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից իրականացված գրոհի ընթացքում Ուկրաինայի կառավարական ուժերը հասել են «որոշակի հաջողությունների»՝ Սլավյանսկ քաղաքի սահմաններում գրավելով հսկիչ-անցագրային ինը կետ:

Ավակովի համաձայն, ռուսաստանամետ զինյալների դեմ ուղղված գործողություններում մասնակցում են երկրի ներքին գործերի նախարարության և զինված ուժերի ստորաբաժանումները:

«Ուկրաինայի անվտանգության ուժերի ուղղությամբ անջատողականները կրակ են բացել՝ ծանր սպառազինության, այդ թվում՝ զենիթային շարժական համակարգերի կիրառմամբ: Զոհվել է մեկ օդաչու, կան տուժածներ», - ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը:

Ավակովը նշել է նաև, որ մոտակա ժամանակներում ռուսաստանամետ զինյալների դեմ իրականացվող հատուկ գործողությունների շրջանում կդադարեցվի երկաթուղային հաղորդակցությունը, Սլավյանսկում խիստ սահմանափակվել է երթևեկությունը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հորդորել է Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքների բնակիչներին դուրս չգալ փողոցներ և հեռու մնալ պատուհաններից:

Սլավյանսկի ռուսաստանամետ անջատողականների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նրանց հաջողվել էր տապալել Ուկրաինայի զինված ուժերի երեք ուղղաթիռ:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկու ուղղաթիռների տապալման փաստը, որի արդյունքում զոհվել է երկու զինծառայող, մի քանիսը տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել՝ նշելով, որ երրորդ ուղղաթիռը միայն վնասվել է:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նշել է նաև, որ ռուսաստանամետ ուժերի կողմից զենիթային շարժական համակարգերի կիրառումը «հստակ վկայում է այն մասին, որ Դոնբասում զինված ուժերի դեմ գործում են ոչ թե «խաղաղ ցույցերի մասնակիցներ», այլ լավ պատրաստված և զինված դիվերսիոն խմբեր, որոնք ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների միջոցով փորձում են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»:
XS
SM
MD
LG