Մատչելի հղումներ

Ուկրաինացի լրագրողը կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ ընդունել Կիևի նկատմամբ


«Վաշինգտոն Փոստ» պարբերականում Սերգեյ Լեշչենկոն գրում է, որ Կիևն ուժեղացնում է վերահսկողությունը տեղական ԶԼՄ-ների նկատմամբ

Ուկրաինացի լրագրող Սերգեյ Լեշչենկոն երեքշաբթի օրը հորդորել է ԱՄՆ-ի կառավարությունը ծանրութեթև անել Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնավորելով իր կոչն այն հանգամանքով, որ երկրի իշխանությունները փորձում են վերահսկողություն հաստատել ԶԼՄ-ների նկատմամբ:

«Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականում հրապարակված հոդվածում «Ուկրաինական պրավդա» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալը մատնանշել է «Ֆորբս» հանրահայտ հանդեսի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Լեշչենկոյի համաձայն, «Ֆորբս»-ի Ուկրաինայում լույս տեսնող տարբերակը վերջերս գնել է 28-ամյա բիզնեսմեն Սերգեյ Կուրչենկոն, որը, ըստ էության, վայելում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդի Ալեքսանդր Յանուկովիչի աջակցությունը:

«Ուկրաինական պրավդա» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալի համաձայն, «Ֆորբս»-ի Ուկրաինայում լույս տեսնող տարբերակի խմբագրությունից նոյեմբեր ամսին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 14 լրագրող՝ այս կերպ արտահայտելով իրենց բողոքը պարբերականում հաստատված գրաքննության դեմ:

«Ամերիկացի հրատարակիչները, որոնք գործընկերություն են հաստատել Ուկրաինայի հրատարակիչների հետ, պետք է հետամուտ լինեն ԶԼՄ-ների անկախության և խոսքի ազատության սկզբունքներին, քանի որ այս սկզբունքները հիմնարար նշանակություն ունեն իրական ժողովրդավարության կառուցման և պահպանման համար», - գրում է Լեշչենկոն՝ հավելելով. «Օրինակ, «Ֆորբս»-ը չպետք է թույլ տա օգտագործել իր անունը՝ Յանուկովիչի ընտանիքի համբավը բարելավելու նպատակով: «Ֆորբս»-ը կարող էր հետ կանչել Ուկրաինայի իր գործընկերներին տված արտոնագիրը»:

Լրագրողն իր հոդվածում նշել է նաև, որ ԱՄՆ-ի կառավարությունն իր կողմից կարող է ծանրութեթև անել Ուկրաինայում անկախ լրագրողների ուղղությամբ հարձակումներ իրականացրած պաշտոնյաների դեմ ուղղված պատժամիջոցներ, իսկ ԱՄՆ-ի տարբեր գործակալություններ և ինստիտուտներ կարող են աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի անկախ ԶԼՄ-ների զարգացմանը:

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, օրինակ՝ «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն, կարող են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ուկրաինայում անկողմնակալ ԶԼՄ-ների ծանր վիճակի վրա», - ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականում հրապարակված հոդվածում գրում է «Ուկրաինական պրավդա» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Լեշչենկոն:
XS
SM
MD
LG