Մատչելի հղումներ

Հանդիպում Սիրիայի հակամարտության կողմերի միջև՝ խաղաղության բանակցությունների շրջանակներում


Սիրիայում շարունակվում են շրջափակման մեջ գտնվող Հոմս քաղաքի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն առաքելուն ուղղված աշխատանքները

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմին երեքշաբթի օրը համատեղ բանակցություններ է անցկացնում Սիրիայի կառավարության և երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբների միջև:

Ժնևում Սիրիայի հարցի շուրջ անցկացվող բանակցությունների նոր փուլի երկրորդ օրը Լախդար Բրահիմին ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերը բանակցային եղանակով հասնեն Սիրիայում արդեն երեք տարի շարունակվող հակամարտությանը վերջ դնելու և ժամանակավոր կառավարություն ստեղծելու համաձայնության:

Բրահիմին նախօրեին առանձին հանդիպումներ էր անցկացրել Սիրիայում հակամարտող կողմերի հետ:

Այս ընթացքում Սիրիայում շարունակվում են շրջափակման մեջ գտնվող Հոմս քաղաքի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն առաքելուն ուղղված աշխատանքները:

Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը համաձայնվել են մինչև չորեքշաբթի օրվա վերջ Հոմս քաղաքում պահպանել մարտական գործողությունների «մարդասիրական դադարը»: Միավորված ազգերի կազմակերպությունը հույս ունի, որ դրա շնորհիվ կհաջողվի քաղաք առաքել մարդասիրական օգնության ավելի մեծ ծավալներ, ինչպես նաև ավելի շատ մարդ դուրս բերել քաղաքից:

Անցյալ հինգշաբթի օրվանից Հոմսից արդեն դուրս է բերվել ավելի քան 800 խաղաղ բնակիչ:
XS
SM
MD
LG