Մատչելի հղումներ

Օջալանը հորդորել է Թուրքիայի ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Իր նամակում Աբդուլլահ Օջալանը նաև հորդորել է Թուրքիայի հայկական համայնքին օժանդակել Թուրքիայում քրդերի կողմից ներկայացվող պահանջները

Բանտարկության մեջ գտնվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբուլլահ Օջալանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտվել իր անցյալի հետ:

«Մեր ժամանակներում անհրաժեշտ է, որ ամբողջ աշխարհը ճանաչի հայ ժողովրդի ողբերգությունը՝ այս վիշտը սգալու համար: Թուրքիայի Հանրապետությունն անխուսափելիորեն հասուն եղանակով կմոտենա այս հարցին և հաշվի կնստի իր դառը պատմության հետ», - Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայալեզու պարբերականին հղված նամակում գրել է Օջալանը:

Իր նամակում Աբդուլլահ Օջալանը հորդորել է Թուրքիայի հայկական համայնքին օժանդակել Թուրքիայում քրդերի կողմից ներկայացվող պահանջները:

«Քուրդ ժողովրդի կողմից ազատության համար վարվող պայքարը և հայ ժողովրդի վշտի քավությունը համընկել են այս երկրում նույն իրավունքները կիսող քաղաքացիների պես ապրելու պայքարում», - նշել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» բանտարկված առաջնորդը:

Աբդուլլահ Օջալանը, «Ակոս» թերթի պաշտոնական կայքում հրապարակված նամակը վկայակոչող «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, նշել է նաև, որ «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն իրականացվել էր Թուրքիայի ներսում և երկրից դուրս գործող հակաժողովրդավարական ուժերի կողմից, որոնք խոչընդոտում են քրդական հարցի լուծմանը:

«Հորդորում եմ բոլորին լինել է՛լ ավելի զգոն և առավել անաչառ եղանակով խորհել խորը, բաց կամ զուգահեռ կառույցների, ինչպես նաև զանազան լոբբիների՝ «Ջեմաաթ»-ի մասին, որոնք նպատակ են հետապնդում խարխլելու հանուն մեր կողմից տարվող պայքարը», - «Ակոս»-ին հասցեագրված նամակում նշել է Աբդուլլահ Օջալանը:
XS
SM
MD
LG