Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն կքննարկի Թուրքիային հակահրթիռային համակարգերի տրամադրումը


Ռասմուսենի համաձայն, «Փեթրիոթ» կայանքների տեղադրումը Թուրքիայում «բացարձակապես պաշտպանական նպատակներ հետապնդող քայլ» կլինի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ դաշինք կքննարկի Թուրքիայի կողմից Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում «Փեթրիոթ» հակահրթիռային կայանքներ տեղադրելու մասին խնդրանքը:

Ռասմուսենը երկուշաբթի օրը նշել է, որ ՆԱՏՕ-ն դեռևս պաշտոնական որևէ դիմում չի ստացել դաշինքի անդամ Թուրքիայից՝ հավելելով սակայն, որ եթե նման դիմում ներկայացվի, ապա «այն կքննարկվի՝ հրատապության կարգով»:

Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերի համաձայն, սպասվում է, որ Թուրքիան նման դիմում կներկայացնի երկուշաբթի օրվա վերջին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր կողմից հայտնել, թե ՆԱՏՕ-ն արդեն ունի անհրաժեշտության դեպքում Թուրքիան պաշտպանելու ծրագրեր, սակայն դրանք ներկայում չեն ներառում «Փեթրիոթ» հրթիռների օգնությամբ թռիչքազերծ գոտի սահմանելը:

Ռասմուսենի համաձայն, «Փեթրիոթ» կայանքների տեղադրումը Թուրքիայում «բացարձակապես պաշտպանական նպատակներ հետապնդող քայլ» կլինի:

Սիրիայի նոր ձևավորված ընդդիմության նախագահն իր հերթին երկուշաբթի օրը հայտնել է Եգիպտոսի պաշտոնական լրատվական գործակալությանն այս երկրում ընդդիմության կենտրոնական գրասենյակը հիմնադրելու որոշման մասին:

Սիրիայի մի խումբ ծայրահեղական իսլամիստական կազմակերպություններ սակայն հերքել են այս ամսվա սկզբին Քաթարում ձևավորված «Ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային դաշինքը»՝ տեսագրված հայտարարության միջոցով հայտնելով Հալեպ քաղաքում «իսլամական պետություն» հիմնադրելու մասին:

Զինյալների կայքում կիրակի ուշ երեկոյան հրապարակված ծայրահեղական 13 կազմակերպությունների հայտարարության մեջ նշվել է, որ ընդդիմադիր ուժերի նորաստեղծ դաշինքի նկատմամբ կասկածամտությամբ են վերաբերվում ծայրահեղական տարրերը, ներառյալ «ալ-Քաիդա»-ի ոգեշնչմամբ գործող «ալ-Նուսրա ճակատ»-ը:
XS
SM
MD
LG