Մատչելի հղումներ

Հրանտ Դինքի սպանության գործով անցնող մեղադրյալի փաստաբան. «Իմ պաշտպանյալն անմեղ է»


Էրհան Թունջելի Թունջելի ձերբակալության մասին հրամանագիր էր արձակել Հրանտ Դինքի սպանության գործի վերաքննություն իրականացնելու մասին որոշումը կայացնելուց հետո

Թուրքիայում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով անցնող Էրհան Թունջելի փաստաբանը պնդում է, թե իր պաշտպանյալն անմեղ է:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Թունջելի փաստաբան Էրդողան Սորուքլուն տեղեկացրել է, թե իր պաշտպանյալը գտնվում է Թուրքիայում՝ անհայտ վայրում, որտեղից աշխատում է իր դատական պաշտպանության ապահովման վրա, և որ իշխանություններին հանձնվելու մասին որոշում ընդունելը լիովին կախված է Թունջելից:

Էրհան Թունջելը, որին կասկածում են հայազգի լրագրողի սպանությունը հրահրելու մեջ, Հրանտ Դինքի սպանությունից առաջ որպես իրազեկիչ համագործակցում էր Տրապիզոնի ոստիկանության հետ: Դատարանը Թունջելի ձերբակալության մասին հրամանագիր էր արձակել Հրանտ Դինքի սպանության գործի վերաքննություն իրականացնելու մասին որոշումը կայացնելուց հետո:

«Թունջելը Թուրքիայում է, աշխատում է իր դատական պաշտպանության մանրամասների վրա: Նա է զանգում իմ հեռախոսին, ես չեմ կարող զանգահարել նրանք, քանի որ չգիտեմ, թե որտեղ է», - ասել է Թունջելի փաստաբանը:

Փաստաբանի համաձայն, քիչ է հավանական, որ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող իր պաշտպանյալը երկարատև ազատազրկման դատապարտվի: Թունջելին երկարաժամկետ բանտարկության դատապարտելու դեպքում, ըստ փաստաբանի, նախատեսվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ այդ դեպքում «կոտնահարվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից իր պաշտպանյալի բխող իրավունքները»:

Հիշեցնենք, որ Ստամբուլում անցյալ ամսվա կեսերին մեկնարկել էր հայազգի Հրանտ Դինքի սպանության գործի վերանայումը:

Հրանտ Դինքի սպանության գործի վերաքննության կարգադրություն արձակվել էր Թուրքիայի վերաքննիչ դատարանի կողմից, որը չեղյալ է հայտարարել այս գործի վերաբերյալ ավելի վաղ կայացված որոշումը, որի համաձայն Դինքին սպանողը գործել էր մենակ:

Թուրքիայի վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման համաձայն, դատարանի առջև բերված ութ ամբաստանյալները մասնակցել են հանցավոր դավադրության:

Հրանտ Դինքի ընտանիքի անդամները և նրանց աջակիցները սակայն հերքել էին դատական գործի վերանայման համար ընդունված հիմքը՝ պնդելով, որ լրագրողի սպանության մեջ ներառված է պետական ամբողջ ապարատը, և որ Հրանտ Դինքի սպանությունը ահաբեկչական դավադրություն է:

Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որը սպանության ժամանակ 17 տարեկան էր, 2011 թվականին դեռահասների դատարանի կողմից դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման: Մարդասպանը հայազգի լրագրող սպանության գործով սեպտեմբերի 17-ին անցկացված դատավարության ժամանակ հերքել էր քրեական որևէ կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքները:

Հրանտ Դինքի սպանության գործով անցնող Յասին Հայալն անցյալ տարի դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ սպանությունը հրահրելու մեղադրանքներով:
XS
SM
MD
LG