Մատչելի հղումներ

Արտգործնախարար Քերին շարունակում է բանակցություններն Իսրայելի և պաղեստինցիների առաջնորդների հետ


«Մենք արդեն հինգ ամիս է, ինչ բանակցություններ ենք անցկացնում: Մենք միշտ գիտեինք, որ խաղաղության հասնելու գործընթացը երկարատև է և բարդ: Այն սակայն անհնարին չէ». Քերրի

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին շարունակում է բանակցությունները Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության առաջնորդների հետ՝ հույս ունենալով, որ նրանք կկարողանան մոտակա ժամանակներում համաձայնության հասնել խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ:

Արտգործնախարար Քերին ուրբաթ օրը հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որից հետո ուղևորվել է Հորդանան գետի արևմտյան ափ՝ պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններ անցկացնելու համար:

Քերրի և Նեթանյահուի միջև նախօրեին կայացած հանդիպումից հետո ԱՄՆ-ի արտգործնախարարը լավատեսություն է արտահայտել «երկու կողմերի միջև տարաձայնությունները շտկելու և պարզաբանելու հնարավորություն տվող գործարքի հասնելու» շուրջ:

«Մենք արդեն հինգ ամիս է, ինչ բանակցություններ ենք անցկացնում: Մենք միշտ գիտեինք, որ խաղաղության հասնելու գործընթացը երկարատև է և բարդ: Այն սակայն անհնարին չէ», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

Արտգործնախարար Քերրիի համաձայն, Իսրայելի և պաղեստինցիների միջև շրջանակային գործարքը «զգալի առաջխաղացում» կդառնա, չնայած այն կլինի պակաս հավակնոտ, քան նախատեսվում էր մինչև այս տարվա ապրիլը համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ իր ծրագրով:

Այս այցը անցյալ տարվա մարտ ամսից ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տարածաշրջան կատարվող արդեն 10-րդ այցն է: Չնայած գործադրվող ջանքերի՝ Իսրայելի և պաղեստինցիների առաջնորդները շարունակում են միմյանց մեղադրել «երկու պետություն՝ երկու ազգի համար» լուծման հասնելու ջանքերը և արդեն մի քանի տասնյակ տարի շարունակվող հակամարտությունն ավարտի հասցնելու փորձերը սաբոտաժի ենթարկելու մեջ:
XS
SM
MD
LG