Մատչելի հղումներ

Բերլուսկոնիին արգելվել է երկու տարի զբաղեցնել պետական պաշտոններ


Իտալիայի սենատորի պաշտոնը ներկայում զբաղեցնող Բերլուսկոնիի գործով կայացված որոշումը սակայն ուժի մեջ չի մտնելու, մինչև Սենատը գալի շաբաթ չքվեարկի Բերլուսկոնիին իր զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հարցի շուրջ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, որը մեղավոր է ճանաչվել հարկային խարդախությունների իրականացման մեջ, դատարանի որոշմամբ երկու տարվող զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:

Իտալիայի սենատորի պաշտոնը ներկայում զբաղեցնող Բերլուսկոնիի գործով կայացված որոշումը սակայն ուժի մեջ չի մտնելու, մինչև Սենատը գալի շաբաթ չքվեարկի Բերլուսկոնիին իր զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հարցի շուրջ:

Իտալիայի գերագույն դատարանն այս տարվա օգտոստոսին մերժել է հարկային խարդախությունների իրականացման դատավճիռը բողոքարկող Բերլուսկոնիի երկրորդ դիմումը՝ ուժի մեջ թողնելով մի քանի տարի տևած դատական վեճերի արդյունքում ներկայացված մեղադրականը:

Այնուամենայնիվ չի սպասվում, որ հարկային խարդախությունների մեջ մեղադրված 77-ամյա Բերլուսկոնիի նկատմամբ, որը համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկը, ազատազրկում կիրառվի: Բերլուսկոնիին ներկայացված չորս տարվա ազատազրկման դատավճիռն արդեն իսկ նվազեցվել է մինչև 12 ամիս՝ համաձայն մինչև 2006 թվականը կատարված հանցագործությունների համար համաներում շնորհելու մասին որոշման, որն ընդունվել էր իր իսկ ղեկավարած կառավարության կողմից:

Ըստ հաղորդագրությունների, Բերլուսկոնին իր ազատազրկման մնացած ժամկետը համայնքային ծառայության միջոցով անցկացնելու մասին դիմում է ներկայացրել:

Իտալիայի նախկին վարչապետին, բացի այս, սպառնում է յոթ տարվա ազատազրկում և երկրի քաղաքական կյանքում մասնակցելու ցմահ արգելք այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին ինքը մեղավոր է ճանաչվել անչափահասին սեռական ծառայություններ մատուցելու համար վարձելու և պետական պաշտոնյաներին այս հանգամանքն այնուհետև քողարկել ստիպելու մեջ: Իտալիայի օրենսդրությամբ թույլ է տրվում այս մեղադրականով ևս ներկայացնել վերաքննիչ երկու դիմում, որոնցից ոչ մեկը դեռևս չի ուսումնասիրվել դատարանի կողմից:
XS
SM
MD
LG