Մատչելի հղումներ

Լոս Անջելեսում անցկացվել է «Գրեմի»-ի 56-րդ մրցանակաբաշխությունը


«Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ֆրանսիայից «Դեֆթ Փանք» դուետը՝ «Get Lucky» կատարման համար, որը ձայնագրվել է երաժիշտներ Ֆարելի և Նայլ Ռոջերսի մասնակցությամբ

Լոս Անջելեսում կիրակի ուշ երեկոյան կայացել է «Գրեմի» 56-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ֆրանսիայից «Դեֆթ Փանք» դուետը՝ «Get Lucky» կատարման համար, որը ձայնագրվել է երաժիշտներ Ֆարելի և Նայլ Ռոջերսի մասնակցությամբ:

«Դեֆթ Փանք» դուետը, բացի այդ, հաղթող է ճանաչվել է «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում, որտեղ մրցանակը նվաճել է խմբի «Random Access Memories» ալբոմը, իսկ «Get Lucky» կատարումը հաղթող է ճանաչվել նաև «Փոփ դուետի/խմբի լավագույն կատարում» անվանակարգում:

Նոր Զելանդիայից Լորդե երգչուհին լավագույնն է ճանաչվել «Տարվա լավագույն երգ» անվանակարգում՝ իր «Royals» երգով: Երգչուհու այս կատարումը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն սոլո փոփ կատարում» անվանակարգում:

Կատարողներ Մեքլեմորն ու Ռայան Լյուիսը 56-րդ «Գրեմի» մրցանակաբաշխության ընթացքում հաղթող են ճանաչվել «Տարվա լավագույն նոր կատարող», «Տարվա լավագույն ռեփ ալբոմ», «Տարվա լավագույն ռեփ կատարում» և «Տարվա լավագույն ռեփ երգ» անվանակարգերում:

Ռոք երաժշտության կատեգորիայում, ի տարբերություն «Փոփ» և «Ռեփ» կատեգորիաների, հաղթող են ճանաչվել արդեն իսկ մեծ ճանաչում վայելող խմբերն ու կատարողները: Այսպես, «Բլեք Սաբաթ» ռոք խումբը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մետալ կատարում» անվանակարգում, իսկ «Լեդ Զեփելին» ճանաչված խումբը նվաճել է մրցանակը «Տարվա լավագույն ռոք ալբոմ» անվանակարգում:

«Տարվա լավագույն ռոք երգ» մրցանակը նվաճել են Փոլ Մաքարթնին, Դեյվ Գրոլը, Քրիստ Նովոսելիչն ու Փեթ Սմիերը՝ իրենց «Cut Me Some Slack» կատարման համար:

«Տարվա լավագույն քանթրի երգ» անվանակարգում, ինչպես նաև «քանթրի» ոճի ևս երեք անվանակարգերում հաղթող է ճանաչվել 25-ամյա տեխասցի երգչուհի Քեյսի Մուսգրեյվիսը՝ իր «Merry Go 'Round» կատարմամբ և «Same Trailer Different Park» ալբոմով:
XS
SM
MD
LG