Մատչելի հղումներ

Տիմոշենկոյի գործը քննելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան


Հարկերից խուսափելու և ֆինանսական միջոցների յուրացման մեղադրանքներով Տիմոշենկոյի գործով դատավարությունը կվերսկսվի սեպտեմբերի 11-ին

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն Մարդու իրավունքների եվրոպական դատարան է բողոքարկել պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով իրեն ներկայացված ազատազրկման դատավճիռը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գործի լսումներից մեկ օր անց Ուկրաինայի գերագույն դատարանը քննելու է այս նույն դատավճիռը, որով Տիմոշենկոն դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ օգոստոսի կեսին կրկին հետաձգվել է հարկերից խուսափելու և ֆինանսական միջոցների յուրացման մեջ մեղադրվող նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենյոյի դատավարությունը: Այս գործով դատական հաջորդ նիստի օր է նշանակվել սեպտեմբերի 11-ը:

Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն մեղադրվում է 1990-ական թվականներին «Միավորված էներգահամակարգեր» կազմակերպությունը գլխավորելու ընթացքում հարկերից խուսափելու մեջ:

Յուլիա Տիմոշենկոն արդեն իսկ դատապարտվել է ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելու ընթացքում պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Մեղադրող կողմի համաձայն, գործարքի պատճառով Ուկրաինային հասցվել է 190 միլիոն դոլարի վնաս: Տիմոշենկոն սակայն հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները՝ պնդելով, որ դրանք քաղաքական վրեժխնդրություն են ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից:

Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող են որակել Տիմոշենկոյին ներկայացված մեղադրանքները:
XS
SM
MD
LG