Մատչելի հղումներ

ԵՄ-ը հորդորել է նոր ընտրություններ անցկացնել Ուկրաինայում


Եվրամիությունը սակայն Ուկրաինայի դեմ ուղղված պատժամիջոցներ ընդունելու մասին կոչ չի արել

Եվրոպական Միությունը հորդորել է Ուկրաինայում ստեղծել նոր կառավարություն, ինչից հետո երկրում պետք է անցկացվեն ազատ և արդար նախագահական ընտրությունները:

Այս հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես եկած դաշինքը սակայն Ուկրաինայի դեմ ուղղված պատժամիջոցներ ընդունելու մասին կոչ չի արել:

Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարներն Ուկրաինայում նոր կառավարություն ստեղծելու և սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու մասին կոչով հանդես են եկել Բրյուսելում երկուշաբթի օրն անցկացված հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:

Սակայն քանի որ Եվրամիությունը Ուկրաինային առաջարկում է բարելավել տնտեսական հարաբերությունները, արտգործնախարարները պատժամիջոցներ ընդունելու մասին հայտարարությամբ այնուամենայնիվ հանդես չեն եկել:

Շատերի ուշադրության կենտրոնում հիմա Ռուսաստանն է, որտեղ անցկացվում են Ձմեռային օլիմպիական խաղերը, որոնց ավարտից հետո, ըստ Ուկրաինայի ցուցարարների, երկրի իշխանությունները կրկին բռնությունների կդիմեն՝ Ռուսաստանի աջակցությամբ:

Միացյալ Նահանգների սենատոր Ջոն ՄըքՔեյնը «Ամերիկայի Ձայն»-ին ավելի վաղ տված հարցազրույցում մտահոգություն էր արտահայտել Սոչիի օլիմպիական խաղերից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայում ձեռնարկվելիք քայլերի կապակցությամբ:

«Ես շատ եմ մտահոգված նրանով, թե ինչ է անելու Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում Սոչիի օլիմպիադայից հետո: Իրավիճակը լուրջ է: Առավելագույնը, ինչ կարող ենք անել, դա Եվրամիության հետ համատեղ գործելն է ու Ուկրաինայի հետ ֆինանսական պայմանագրի կնքելը», - ասել է Սենատոր ՄըքՔեյնը:
XS
SM
MD
LG