Մատչելի հղումներ

Էրդողանը կարգադրել է Թուրքիայի դեսպաններին հանրությանը «իրազեկել նենգ դավադրության մասին»


«Ակնկալում ենք, որ դուք ջանք չեք խնայի՝ ջախջախելու համար Թուրքիայի դեմ ուղղված այս նենգ գործողությունները՝ տեղեկացնելով մեր գործընկերներին ճշմարտության մասին», - ասել է վարչապետ Էրդողանը Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ անցկացված հանդիպման ժամանակ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է օտարերկրյա պետություններում գտնվող Թուրքիայի դեսպաններին ջանք չխնայել՝ «պատմելու համար դաշնակիցներին ճշմարտությունն» այն մասին, որ Անկարային ցնցող կաշառակերության հետաքննությունը ոչ այլ ինչ է, քան «նենգ դավադրություն՝ ուղղված Թուրքիայի միջազգային դիրքերը սաբոտաժի ենթարկելուն»:

Թուրքիայում անցյալ տարվա դեկտեմբերի 17-ից անցկացվող կաշառակերության հետաքննության հետևանքով ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներն ու վերջիններիս բարեկամները: Սկանդալը, որը համարվում է վարչապետ Էրդողանի 11-ամյա կառավարման դեմ ուղղված ամենամեծ մարտահրավերը, ստիպել էր վերջինիս փոփոխություններ իրականացնել իր կառավարության կազմում:

«Ակնկալում ենք, որ դուք ջանք չեք խնայի՝ ջախջախելու համար Թուրքիայի դեմ ուղղված այս նենգ գործողությունները՝ տեղեկացնելով մեր գործընկերներին ճշմարտության մասին», - երկրի մայրաքաղաք Անկարայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ անցկացված հանդիպմանն ասել է վարչապետ Էրդողանը:

Վարչապետ Էրդողանի կողմնակիցները կոռուպցիայի հետաքննության հետևում կանգնած լինելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ից իր գործունեությունն իրականացնող թուրք հոգևորական, վարչապետ Էրդողանի նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենին, որը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի ոստիկանության և դատական շրջաններում:

«Նրանք փորձում են ծանր հարված հասցնել Թուրքիայի տնտեսությանը: Նրանք ջանքեր են գործադրում՝ տոկոսադրույքների բարձրացման ուղղությամբ: Նրանք օգտագործում են ցանկացած միջոց՝ միջազգային ներդրողների անհանգստությունն առաջացնելու համար», - ասել է վարչապետ Էրդողանը:

«Ամենից կարևորն այնն է, որ նրանք ջանք չեն խնայում՝ վնաս հասցնելու համար Թուրքիայի միջազգային համբավին», - շեշտել է վարչապետ Էրդողանը՝ հանդես գալով Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
XS
SM
MD
LG