Մատչելի հղումներ

Հաագայում վերսկսվել է Կարաջիչի դատավարությունը


Դատական նիստի ընթացքում Քարաջիչն ասել է, թե իրեն պետք է պարգևատրել՝ «պատերազմից ցանկացած գնով խուսափելուն ուղղված ջանքեր գործադրելու համար»

Հաագայում գտնվող ՄԱԿ-ի դատարանում երեքշաբթի օրը վերսկսվել է Բոսնիայի սերբերի նախկին ղեկավար Ռադովան Կարաջիչի դատավարությունը՝ մեկնարկելով վերջինիս պաշտպանությանն ուղղված փաստարկների ներկայացումը:

Կարաջիչը մեղադրվում է Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում 1995 թվականի հուլիսին մահմեդական մոտ 8 հազար տղամարդկանց և տղաների սպանդը ծրագրելու մեջ: Նրան մեղադրում են նաև 1992-ից 1995 թվականներն ընկած ժամանակահատվածում Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյի շրջափակումն իրականացնելու մեջ:

Բոսնիայի սերբերի նախկին ղեկավարը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները: Երեքշաբթի օրն անցկացված նիստի ընթացքում Կարաջիչն ասել է, թե իրեն պետք է պարգևատրել՝ «պատերազմից ցանկացած գնով խուսափելուն ուղղված ջանքեր գործադրելու համար»: Նա ասել է նաև, թե ինքը «մեղմ և հանդուրժող մարդ է», և հակամարտության ընթացքում ջանք չէր խնայել՝ մարդկանց տառապանքները թեթևացնելու համար:

Կարաջիչի փաստաբանն իր հերթին կասկածի տակ է առել Սրեբրենիցայում իրականացված սպանդի զոհերի թիվը՝ ասելով, որ այն շատ ավելի փոքր է, քան պաշտոնական գնահատականները, և թե իր պաշտպանյալը տեղյակ չի եղել, որ մահմեդական տղամարդկանց և տղաների շրջափակմանը հետևել է սպանդը:

Պատերազմի հանցագործությունների տրիբունալի կողմից իրեն մեղադրանք ներկայացնելուց հետո Կարաջիչը 13 տարի գտնվել է փախուստի մեջ՝ 2008 թվականին հայտնաբերվելուց և ձերբակալվելուց առաջ:

Հաագայում երեքշաբթի օրը մեկնարկել է պատերազմի հանցագործությունների միջազգային դատարանի վերջին մեղադրյալի՝ 2011 թվականին ձերբակալված Գորան Հաջիչի դատավարությունը, որին մեղադրում են Խորվաթիայում 1995 թվականին ավարտված չորսամյա պատերազմի ընթացքում սպանություններ և բռնի տեղահանություններ իրականացնելու մեջ:
XS
SM
MD
LG