ԱՄՆ-ը հեռանում է Ղրղզստանից

Աֆղանստանում միջազգային կոալիցիայի ուժերի ապահովման տրանսպորտային հանգույց կստեղծվի Ռումինիայում
Ռումինիայի իշխանությունները թույլ են տվել Միացյալ Նահանգներին օգտագործել երկրի տարածքում գտնվող ռազմական բազան որպես Աֆղանստանից և դեպի Աֆղանստան անձնակազմի և բեռնափոխադրման համար օգտագործվող տրանսպորտային հիմնական հանգույց:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության համաձայն, Ռումինիայի իշխանությունների հետ այս մասին պաշտոնական համաձայնագրի ստորագրումից հետո Միացյալ Նահանգները կարող է հրաժարվել Ղրղզստանի տարածքում գտնվող «Մանաս» տրանսպորտային հանգույցի օգտագործումից:

Հիշեցնենք, որ Ղրղզստանի իշխանությունները հրաժարվել են «Մանաս» ռազմակայանի վարձակալության ժամկետը երկարացնելուց, որը լրանում է գալիք տարվա հուլիսին:

Միացյալ Նահանգները նախատեսում է Աֆղանստանից դուրս բերել իր զորքերի և սարքավորումների հիմնական մասը մինչև 2014 թվականի ավարտը: Վաշինգտոնն, այնուամենայնիվ, նախատեսում է Աֆղանստանում թողնել մի քանի հազար զինծառայող՝ Աֆղանստանի անվտանգության ուժերին խորհրդատվություն տրամադրելու համար, սակայն համապատասխան պայմանագիրը Քաբուլի հետ դեռևս չի ստորագրվել: