Վիրջինիայում և Նյու Ջերսիում նահանգապետի ընտրություններ են անցկացվում

Քաղաքական վերլուծաբանների համաձայն, երեքշաբթի օրն անցկացվող ընտրությունների արդյունքում հնարավոր կդառնա որոշ կանխատեսումներ անել հաջորդ տարի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամների և երկրի 100 սենատորների կազմի մեկ երրորդի կայանալիք ընտրությունների մասին
Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններին հաջորդած տարվա ընթացքում տեղական մակարդակի ընտրությունների թիվը մեծ չէր, սակայն այսօր երկրի մի քանի նահանգներում և քաղաքներում անցկացվում են նահանգապետների և քաղաքագլուխների ընտրություններ:

Նյու Ջերսի նահանգում անցկացվող ընտրությունների արդյունքում սպասվում է ներկայիս նահանգապետ Քրիս Քրիստիի հաղթանակը: Նախընտրական պայքարի ընթացքում հանրապետական Քրիստին շեշտել է դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև քաղաքական անկախ հայացքների հարող քաղաքական գործիչների հետ հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտությունը: Ըստ փորձագետների, դա պայմանավորված է նահանգապետ Քրիստիի կողմից 2016 թվականին նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու ծրագրերով:

Վիրջինիա նահանգում այսօր անցկացվող նահանգապետի ընտրություններում ընտրապայքար է ծավալվել խիստ պահպանողական հանրապետական թեկնածու, նահանգի գլխավոր դատախազ Քեն Քուչինելիի և դեմոկրատական կուսակցության թեկնածու, ձեռներեց Թերի ՄըքՕլիֆի միջև: ՄըքՕլիֆն անցյալում բարձր պաշտոն է զբաղեցրել դեմոկրատական կուսակցության կազմում և ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթընի ու նրա տիկին, երկրի արտգործնախարարի պաշտոնը նախկինում զբաղեցրած Հիլարի Քլինթընի մոտ դաշնակիցներից է:

Քաղաքական վերլուծաբանների համաձայն, երեքշաբթի օրն անցկացվող ընտրությունների արդյունքում հնարավոր կդառնա որոշ կանխատեսումներ անել հաջորդ տարի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամների և երկրի 100 սենատորների կազմի մեկ երրորդի կայանալիք ընտրությունների մասին:

Նյու Յորքում անցկացվող քաղաքապետի ընտրություններում, ըստ կանխատեսումների, այս պաշտոնը ներկայում զբաղեցնող Մայքլ Բլումբերգին կփոխարինի դեմոկրատ Բիլ դե Բլասիոն: Բլումբերգին օրենքն արգելում է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնել չորրորդ անգամ:

Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու դե Բլասիոյի հավանականությունն իր մրցակից, նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի տեղակալի պաշտոնը զբաղեցրած հանրապետական Ջո Լհոթայից շատ ավելի մեծ է գնահատվում:

Հետաքրքրական է, որ հիմնականում դեմոկրատական հայացքների հարող բնակչություն ունեցող Նյու Յորքում քաղաքապետի պաշտոնում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ չի ընտրվել 1989 թվականից:

Քաղաքապետի ընտրություններ նոյեմբերի 5-ին անցկացվում են նաև Ատլանտայում, Բոստոնում, Հյուստոնում և Մայամիում: