ԱՄՆ-ը դադարեցնում է Եգիպտոսին ռազմական օժանդակության որոշ տեսակների տրամադրումը

Արաբական պետությունները նախատեսում են 12 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Եգիպտոսին
«Օբամայի վարչակազմը դադարեցնում է Եգիպտոսին ռազմական որոշ օժանդակության տրամադրումը՝ միաժամանակ մշակելով արձագանք զինված ուժերի կողմից նախագահ Մոհամեդ Մորսիի տապալումից հետո սաստկացող բռնություններին»:

Այս մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Սենատի արտգործնախարարությանը և օտարերկրյա պետություններում իրականացվող գործողություններին տրամադրվող հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ, սենատոր Փեթրիկ Լիհիի խոսնակին:

Սենատոր Լիհիի խոսնակը հաստատել է, որ Եգիպտոսին օժանդակության տրամադրումը հետաձգվել է:

Օբամայի վարչակազմի պաշտոնյաները հայտնել են, որ շարունակում են ուսումնասիրել Եգիպտոսին տարեկան 1,5 միլիարդ դոլարի տրամադրումը կարգավորող քաղաքականությունը:

Եգիպտոսին տրամադրվող օգնությունը դադարեցնելու մասին քննարկումներ ընթանում են նաև Եվրոպական Միությունում:

Սաուդյան Արաբիայի իշխանություններն այս ընթացքում հայտնել են, որ արաբական այլ պետությունների հետ համատեղ իրենց երկիրը նախատեսում է օգնություն տրամադրել Եգիպտոսին: Արաբական պետությունների կողմից Եգիպտոսին տրամադրվելիք օգնության փաթեթի ծավալը կկազմի 12 միլիարդ դոլար:

Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալության վկայությամբ, այս երկրի արտգործնախարար, արքայազն Սաուդ ալ-Ֆայսալն ասել է, «անդրադառնալով նրանց, ովքեր նախատեսում են դադարեցնել Եգիպտոսին տրամադրվող իրենց օժանդակությունը», որ «արաբական և մահմեդական պետությունները հարուստ են մարդկային ռեսուրսներով և հնարավորություններով և օգնության ձեռք կմեկնեն»: