ԱՄՆ-ը գովասանքի խոսքեր է ուղղել ԻՀԿ-ին՝ Սիրիայի անդամակցությունը դադարեցնելու համար

Հալեպի արվարձաններում գտնվող Ազազ քաղաքի ուղղությամբ իրականացված ռմբակոծության արդյունքում վնասվածքներ ստացած սիրիացի կանայք՝ դաշտային հիվանդանոց ժամանելուց հետո, 15 օգոստոսի 2012թ.

Վիկտորիա Նուլանդ. «ԻՀԿ-ի որոշումը հստակ ազդանշան է Սիրիայի նախագահի կառավարությանն այն մասին, որ վերջինիս միջազգային մեկուսացումը գնալով խորանում է»
Միացյալ Նահանգները գովասանքի խոսքեր է ուղղել Իսլամական համագործակցության կազմակերպությանը՝ 57 անդամ պետություններից բաղկացած կազմակերպությունում Սիրիայի անդամակցությունը դադարեցնելու համար:

Կազմակերպության կողմից այս որոշումն ընդունվելուց հետո Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդն ասել է, որ ԻՀԿ-ի որոշումը «հստակ ազդանշան» է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանն այն մասին, որ վերջինիս միջազգային մեկուսացումը գնալով խորանում է:

Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը նախատեսում է անցկացնել նիստ, որտեղ կքննարկվի Սիրիայում տիրող իրավիճակը: Երկրում գործող ՄԱԿ-ի դիտորդների մանդատը սպառվում է այս կիրակի օրը:

Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Վալերի Ամոսը Դամասկոս կատարված իր այցի ընթացքում հայտնել է լրագրողներին, որ չդադարող բռնությունների պատճառով օգնության կարիք այժմ ունի Սիրիայի մոտ 2,5 միլիոն բնակիչ:

ԱՄՆ-ից իր գործունեությունն իրականացնող «Human Rights Watch» կազմակերպությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ Սիրիայի զինված ուժերի ռազմական օդանավի կողմից հյուսիսային սահմանամերձ Ազազ քաղաքի ռմբակոծության պատճառով զոհվել է ավելի քան 40, վնասվածքներ ստացել՝ մոտ 100 մարդ:

Կազմակերպության ներկայացուցիչները ռմբակոծության վայր են այցելել հինգշաբթի օրը՝ հարձակումից մեկ օր անց, և հայտնել այն մասին, որ բնակելի բազմաթիվ տները հողին հավասարեցրած ռմբակոծությունն ամենայն հավանականությամբ ուղղված է եղել մոտակայքում գտնվող «Ազատ Սիրիայի բանակի» կառույցների դեմ: