Հայաստանը 76-րդ տեղն է զբաղեցնում ՄԱԿ-ի մարդկային զարգացման զեկույցում

Հայաստանը 76-րդ տեղն է զբաղեցնում ՄԱԿ-ի մարդկային զարգացման զեկույցում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հրապարակել է իր 20-րդ` հոբելյանական Մարդկային զարգացման զեկույցը:

2010 թվականի Մարդկային զարգացման զեկույցի նախաբանում նշվում է, որ 20 տարվա ընթացքում ամենաաղքատ պետությունների մարդկային զարգացման ոլորտում տեղի են ունեցել զգալի դրական փոփոխություններ:

Նախաբանում նշվում է նաև, որ հավաքագրված 40 տարվա տվյալնեըը ցույց են տալիս, որ մարդկային զարգացման համար չկա որևէ միասնական մոդել, և այդ բնագավառում հաջողության հասնելու համար գոյություն ունեն բազմաթիվ ուղիներ:

Զեկույցը, գնահատելով երկրներում մարդկային զարգացման մակարդակը, հաշվի է առնվում ոչ միայն ազգային եկամուտը, այլ նաև այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը և բնակչության գրագիտությունը:

2010 թվականի Մարդկային զարգացման զեկույցի համաձայն, Մարդկային զարգացման ցուցիչն ամենաբարձրն է Նորվեգիայում, որը զբաղեցնում է մարդկային զարգացման ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկի առաջին տեղը: Մարդկային զարգացման երկրորդ ամենաբարձր ցուցիչը գրանցվել է Ավստրալիայում, իսկ երրորդը` Նոր Զելանդիայում:

Մարդկային զարգացման այս տարվա զեկույցում Հայստանը, զբաղեցնելով 76-րդ տեղը, ընդգրկված է Բարձր մարդկային զարգացման ցուցանիշներ ունեցող երկրների ցանկում:

2010 թվականի Մարդկային զարգացման զեկույցում Ռուսաստանը զբաղեցնում է 65-րդ տեղը, Ադրբեջանը` 67-րդ, Վրաստանը` 74-րդ, իսկ Թուրքիան` 83-րդ տեղը:

Ցանկում ամենացածր` 169-րդ տեղում գտնվում է Զիմբաբվեն, որին նախորդում են 167-րդ տեղը զբաղեցնող Նիգերը և 168-րդ տեղում գտնվող Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը: